«Հերացի» վերլուծական

«Հերացի» վերլուծական ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոն
NATIONAL SCIENTIFIC RESEARCH CENTER OF HEALTHCARE PROGRAMS

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածների միջև առկա կապը, աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արդյունավետության բարելավմանը, հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

📌 Յուրաքանչյուր հայացք կարևոր է․ պահպանենք տեսողությունը, պահպանենք կյանքի որակը👨‍🔬👁 Օգոստոսի 8-ին մի շարք հետխորհրդային...
08/08/2026

📌 Յուրաքանչյուր հայացք կարևոր է․ պահպանենք տեսողությունը, պահպանենք կյանքի որակը
👨‍🔬👁 Օգոստոսի 8-ին մի շարք հետխորհրդային միության երկրներում նշվում է Ակնաբույժների միջազգային օրը՝ մասնագիտական տոն այն բժիշկների, ովքեր իրենց գիտելիքներն ու մասնագիտական գործունեությունը նվիրել են մարդու մեծագույն արժեքներից մեկի՝ տեսողության պահպանմանը։ Այս օրը սահմանվել է 2004 թվականին՝ ի պատիվ XX դարի ականավոր ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովի, որի ծննդյան օրն է օգոստոսի 8-ը։
👀 Տեսողությունը շրջակա աշխարհի ճանաչման բացառիկ մեխանիզմ է, որը ձևավորվում է աչքի օպտիկական համակարգի, նյարդային համակարգի և գլխուղեղի միջև իրականացվող չափազանց բարդ փոխազդեցության արդյունքում։ Տեսողության շնորհիվ մարդը ստանում է շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մինչև 80%-ը, ընկալում է բնության գեղեցկությունը, ճանաչում հարազատների դեմքերը, սովորում, աշխատում և պահպանում իր ինքնուրույնությունը։ Ուստի տեսողության կորուստը ոչ միայն բժշկական խնդիր է, այլ նաև լուրջ կենսական փորձություն, որը սահմանափակում է մարդու սոցիալական ակտիվությունը, մասնագիտական լիարժեք ինքնադրսևորման հնարավորությունները և էապես ազդում կյանքի որակի վրա։
Այսօր ակնաբուժությունը բժշկության ամենաարագ զարգացող և նորարարական ոլորտներից մեկն է։ Եթե դեռ մի քանի տասնամյակ տարի առաջ դրա հիմնական խնդիրներն էին հիվանդությունների ախտորոշումն ու սահմանափակ թվով ախտաբանությունների բուժումը, ապա ժամանակակից ակնաբուժությունը վերածվել է բարձր տեխնոլոգիական մասնագիտության՝ համադրելով գենետիկայի, բջջային կենսաբանության, արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների և ժամանակակից վիրաբուժության վերջին ձեռքբերումները։
Սակայն նույնիսկ գիտության ամենատպավորիչ ձեռքբերումները չեն վերացնում տեսողության խանգարումների համաշխարհային խնդիրը։
📊 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ավելի քան 2,2 միլիարդ մարդ ունի հեռավոր կամ մոտ տեսողության խանգարումներ։ Միևնույն ժամանակ այս դեպքերի զգալի մասը հնարավոր էր կանխել կամ հաջողությամբ շտկել՝ ժամանակին ախտորոշման և բուժման շնորհիվ։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում երեխաների շրջանում տեսողության խանգարումների տարածվածությունը։ Վաղ մանկական շրջանում ծանր տեսողական խանգարումները կարող են հանգեցնել շարժողական, խոսքային, հուզական և ճանաչողական զարգացման ուշացման, իսկ դպրոցական տարիքում՝ առաջացնել ուսումնական առաջադիմության նվազում և կրթական հնարավորությունների սահմանափակում։
‼️Խնդրի լրջությունն արտացոլվում է նաև Հայաստանի Հանրապետության վիճակագրական տվյալներում։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրում արձանագրվում է աչքի և նրա հավելումների հիվանդությունների զգալի աճ։ 15 տարեկան և բարձր չափահաս բնակչության շրջանում առաջնակի հիվանդացության ցուցանիշը գրեթե եռապատկվել է՝ 2005 թվականի 100 000 բնակչի հաշվով 751 դեպքից հասնելով 2024 թվականին՝ 2107․8 դեպքի։
📌 Նմանատիպ միտում է դիտվում նաև երեխաների շրջանում։ 0-14 տարեկանների խմբում աչքի հիվանդություններով առաջնակի հիվանդացությունն ավելի քան կրկնապատկվել է՝ 2005 թվականի 100 000 մանկական բնակչի հաշվով 1643.4 դեպքից հասնելով 2024 թվականին 3777.5 դեպքի։
Ակնաբուժական հիվանդությունների տարածվածության աճը պահանջում է մասնագիտացված ծառայության շարունակական զարգացում և հզորացում։
🔊 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունում ակնաբուժական ծառայության հիվանդանոցային մահճակալային ֆոնդը կազմել է 173 մահճակալ (0.6՝ 10 000 բնակչի հաշվով)։ Նույն թվականին երկրում գործել է 351 ակնաբույժ, ինչը համապատասխանում է 1.47 բժշկի՝ 10 000 բնակչի հաշվով։ Նրանցից 158 մասնագետ աշխատել են ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, իսկ 193-ը՝ հիվանդանոցային հաստատություններում։
📊 Միևնույն ժամանակ ակնաբույժների տարածքային բաշխվածությունը շարունակում է մնալ խիստ անհավասար։ Մասնագետների զգալի մասը կենտրոնացած է Երևանում, որտեղ աշխատում է 261 ակնաբույժ (2․81՝ 10 000 բնակչի հաշվով), մինչդեռ մարզերի մեծ մասում նրանց ապահովվածությունը զգալիորեն ցածր է։ Արագածոտնի մարզում աշխատում է 7 ակնաբույժ (0․67՝ 10 000 բնակչի հաշվով), Արարատում՝ 10 (0․5), Արմավիրում՝ 9 (0․44), Գեղարքունիքում՝ 8 (0․5), Լոռիում՝ 10 (0․57), Կոտայքում՝ 16 (0․72), Շիրակում՝ 12 (0․64), Սյունիքում՝ 7 (0․79), Վայոց Ձորում՝ ընդամենը 3 մասնագետ (0․81), իսկ Տավուշում՝ 8 բժիշկ (0․9՝ 10 000 բնակչի հաշվով)։
‼️Առավել բարդ իրավիճակ է ձևավորվել մանկական ակնաբուժական ծառայությունում։ 2024 թվականին երկրում հաշվառված էր ընդամենը 53 մանկական ակնաբույժ, ինչը կազմում է 0,77 մասնագետ՝ 10 000 մանկական բնակչի հաշվով։ Նրանցից 35 բժիշկ աշխատել են ամբուլատոր օղակում, իսկ 18-ը՝ հիվանդանոցային բուժհաստատություններում։ Մանկական ակնաբույժների գրեթե ամբողջական կենտրոնացում է նկատվում մայրաքաղաքում․ Երևանում աշխատում է երկրի 53 մանկական ակնաբույժներից 47-ը (2,2՝ 10 000 երեխայի հաշվով)։ Մինչդեռ մարզերի մեծ մասում երեխաներին ցուցաբերվող մասնագիտացված ակնաբուժական օգնությունը շարունակում է մնալ խիստ սահմանափակ․ որոշ մարզերում գործում է ընդամենը մեկ մասնագետ, իսկ առանձին մարզերում մանկական ակնաբույժներ ընդհանրապես չկան։ Այս տվյալները ընդգծում են ակնաբուժական ծառայության հետագա զարգացման, մասնագիտացված օգնության հասանելիության բարձրացման և կանխարգելիչ ծրագրերի կատարելագործման անհրաժեշտությունը։
Ժամանակակից ակնաբուժության յուրաքանչյուր ձեռքբերման հիմքում կանգնած է բժիշկը՝ մասնագետ, որը համադրում է խորը բժշկական գիտելիքները, բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու նորագույն տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հմտությունը։ Ակնաբույժի մասնագիտական կարողություններից կախված է ոչ միայն մարդու տեսողության պահպանումը, այլև նրա՝ սովորելու, աշխատելու, ինքնուրույնությունը պահպանելու և հասարակական լիարժեք կյանքին մասնակցելու հնարավորությունը։
👀 Ակնաբույժի համաշխարհային օրը հնարավորություն է ևս մեկ անգամ արտահայտելու երախտագիտությունն այն բժիշկներին, ովքեր ամեն օր կանգնած են մարդու ամենաթանկ զգայարաններից մեկի՝ տեսողության պաշտպանության առաջնագծում։ Ժամանակակից ակնաբուժության ուղին կուրության դեմ պայքարից վերածվել է տեսողության պահպանման և վերականգնման ճանապարհի, հետևանքների բուժումից՝ հիվանդությունների կանխարգելման, իսկ ավանդական բժշկությունից՝ անհատականացված և բարձր տեխնոլոգիական լուծումների դարաշրջանի։
‼️‼️Գլխավոր նպատակը մնում է անփոփոխ՝ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա տեսնելու աշխարհն իր ամբողջականությամբ, պայծառությամբ և գեղեցկությամբ։
♥️Սրտանց շնորհավորում ենք բոլոր ակնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ մարդու տեսողության պահպանման այս ազնիվ ու պատասխանատու գործում։

👩‍🦳Ինչպես գիտենք ծերացումն անխուսափելի գործընթաց է։ Այն միշտ համարվել է դանդաղ, կայուն և գծային ընթացք, սակայն հետազոտու...
07/08/2026

👩‍🦳Ինչպես գիտենք ծերացումն անխուսափելի գործընթաց է։ Այն միշտ համարվել է դանդաղ, կայուն և գծային ընթացք, սակայն հետազոտությունները փաստում են, որ իրականում ծերացման գործընթացը զարագնում է ալիքներով կամ կտրուկ ցատկերով` առնվազն երկու փուլով։ Այդ իսկ պատճառով, եթե երբևէ նկատել եք, որ մեկ գիշերվա ընթացքում կարծես նոր կնճիռներ են հայտնվել կամ ծնկներն ավելի ցավոտ ու թույլ են դարձել, ապա հնարավոր է հենց այդ կտրուկ ու արագացված փոփոխությունների փուլում եք։ Ներկայումս արմատապես վերաիմաստավորվում է ծերացման գործընթացը և դրա ազդեցությունն օրգանիզմի վրա։
🔊2024 թվականին ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի և Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները «Nature Aging» ամսագրում հրապարակել էին իրենց կողմից կատարված պրոսպեկտիվ հետազոտության արդյունքները։ Հետազտությունը ներառել էր 25-ից 75 տարեկան 108 մասնակից, որոնց շրջանում 7 տարվա ընթացքում ուսումնասիրվել էր ծերացման գործընթացը մոլեկուլային մակարդակում, մասնավորապես՝ ՌՆԹ-ն, սպիտակուցները և միկրոբիոմը։
📌Փորձարկված 135000 մոլեկուլների և մանրէների (արյան նմուշներում, մաշկից, բերանի և քթից խոռոչներից վերցված քսուկներում) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամենանշանակալի փոփոխությունները եղել են 40-50 տարեկանում և 60 տարեկանի սկզբնական շրջանում։ Առաջին փուլում փոփոխություններ են արձանագրվել սիրտանոթային համակարգում, ինչպես նաև նկատվել է կոֆեինի, ալկոհոլի և լիպիդների ազդեցություն նյութափոխանակության վրա։ Փոփոխությունների երկրորդ փուլն ազդել է երիկամների գործառույթի, ածխաջրերի նյութափոխանակության և իմունային համակարգի կարգավորման վրա։ Այդ երկու շրջաններում էլ արագացել է մաշկի և մկանների ծերացման գործընթացը։
✔ Հայտնի մաշկաբան դոկտոր Շերին Իդրիսը իր «Pillow Talk Derm» ամենշաբաթյա յութուբյան շարքում նույպես մանրամասն անդրադարձել է այս հետազոտությանը և ծերացման փուլերին (այսպես կոչված՝ «ծերացման գագաթնակետերին») և դրանց ազդեցությանը հատկապես դեմքի վրա: Թեև նա համաձայն է առկա հետազոտության արդյունքների հետ, սակայն սեփական փորձի հիման վրա նշում է, որ գոյություն ունեն ծերացման առնվազն չորս նման փուլեր:
📍Մասնագետը նշում է` «Իրականությունն այն է, որ եթե չենք ծերանում, ուրեմն մահացած ենք: Նպատակը հնարավորինս լավ ծերանալն է՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև մտավոր առումով։ Ընդ որում՝ ֆիզիկական վիճակն ազդում է հոգեկանի վրա»։ Դեմքի վրա ծերացումն արտահայտվում է մաշկի առաձգականության կորուստի, գծերի ու կնճիռների ի հայտ գալով, ինչպես նաև այտերի ու ծնոտի հատվածում մաշկի կախվածությամբ։
👉Ինչպես նշում է Իդրիսը, ծերացման գործընթացի փուլը սկսվում է դեռևս 25 տարեկանից, երբ կոլագենի արտադրությունը բնական ճանապարհով սկսվում է նվազել (սովորաբար՝ տարեկան շուրջ 1%-ով)՝ նպաստելով մանր գծերի և կնճիռների առաջացմանը, ինչի արդյունքում նկատվում է դեմքերի «նուրբ փոփոխություն»։ Վեց ամսվա ընթացքում դեմքի արտաքին տեսքի որոշակի «տափակում» է նկատվում, այն դառնում են ավելի նեղ ու երկարավուն։ Մաշկաբանի խոսքով դա լինում է դեմքի արտաքին հատվածում ծավալի չնչին նվազման պատճառով, ինչը հանգեցնում է դեմքի գծերի տեղաշարժի։
Իրականում սա հնարվոր չէ կանխել, սակայն կարելի է անդրադառնալ ծերացման հետ կապված ավելի ընդհանուր փոփոխություններին: Բժիշկը խորհուրդ է տալիս հետևել առողջ սննդակարգի և խուսափել քաշի կտրուկ տատանումներից։ Քաշի պարբերական տատանումները (այսպես կոչված՝ «յո-յո» էֆեկտը) կարող են ավելի ընդգծել դեմքի այդ փոփոխությունները։ Նրա կարծիքով կոլագենային դիմափոշիները նույնպես արդյունավետ չեն, քանի որ դրանց միջոցով հնարավոր չէ ազդել կոնկրետ որևէ հատվածի վրա։
👉Ըստ Իդրիսի՝ 30-ականների վերջին կարող է ի հայտ գալ ծերացման երկրորդ փուլը, որն արտահայտվում է դեմքի ստորին հատվածում մաշկի կախվելով (այսպես կոչված՝ «բուլդոգի այտեր»): Ժպիտի գծերը կարող են ավելի ընդգծված դառնալ։ Այս փուլում կարևոր է ունենալ լավ մաշկաբան։ Ոչ մի քսուք չի կարող վերականգնել ծավալը, որպես լուծում առաջարկվում է PRF պրոցեդուրաները (թրոմբոցիտներով հարուստ ֆիբրին, որն ստացվում է հենց ձեր արյունից) կամ PRP-թերապիան, որոնք խթանում են սեփական հյուսվածքների վերականգնումը։ Դրանք կարող են ամրացնել հյուսվածքները և դանդաղեցնել ժպիտի գծերի խորացումը։ Կարելի է նաև դիտարկել ֆիլլերների կիրառումը, եթե դրանք օգտագործվում են ճիշտ և նպատակային, համապատասխան որակյալ մասնագետի կողմից, լիցենզավորված բուժհաստատություններում։ Թեև ֆիլլերները չեն ձգում դեմքի մաշկը, դրանք կարող են օգտագործվել դեմքի որոշակի հատվածներ լրացնելու, հավասարակշռություն ստեղծելու և այտերի ստորին հատվածի կախվածությունը պակաս նկատելի դարձնելու համար։ Իդրիսը նաև խորհուրդ է տալիս այս շրջանում դիմել ուլտրաձայնային պրոցեդուրաների, որոնք ժամանակի ընթացքում կօգնեն ձգել մաշկը։
👉Երրորդ փուլում՝ մոտ 44 տարեկանում, ավելի ակնհայտ են դառնում այտերի ստորին հատվածի կախվածությունը («բուլդոգի այտերը») և կոպերի իջեցումը, խորանում են աչքերի տակի պարկերը, շուրթերը բարակում են, իսկ մաշկը ձեռք է բերում թղթի նման կնճռոտ տեսք։ Մասնագետը խորհուրդ է տալիս շարունակել նախկինում նշված խնամքը և պահպանել հետևողականությունը՝ միաժամանակ դիտարկելով խնամքն ավելի ինտենսիվ մակարդակի հասցնելու հնարավորությունը։ Առաջարկվում է խնամքի առօրյայում պարբերաբար ներառել միկրոասեղային թերապիան (microneedling) և ռադիոհաճախականային (RF լիֆտինգ) պրոցեդուրաները։
Խոնավեցման համար խորհուրդ է տրվում նաև տեղային ազդեցության պոլինուկլեոտիդների կիրառումը։ Բժիշկը նշում է, որ սաղմոնի սպերմայի հիմքով միջոցների միկրոասեղային թերապիայի հետ համակցված կիրառումը շոշափելի արդյունքներ է տալիս։ Կարելի է նաև մտածել թեթև ֆիլլերների և տարեկան երկու անգամ «Բոտոքսի» (Botox) կիրառման մասին։
👉Չորրորդ փուլը 60-ական տարիքն է, երբ փոքրիկ միջամտություններն այլևս բավարար արդյունք չեն տալիս: Նա խորհուրդ է տալիս դիտարկել ավելորդ մաշկի հեռացմանն ուղղված պրոցեդուրաները, օրինակ՝ պլատիզմապլաստիկա։ Սակայն խորհուրդ չի տրվում դեմքի ձգման վիրահատությունները (facelift) 70 տարեկանից բարձր անձանց դեպքում: Նման վիրահատությունների լավագույն ժամանակահատվածը 40-ականների վերջն ու 50-ական տարիքն է։
‼️‼️Հիշեք՝ ցանկացած պարագայում նախքան որևէ որոշում կայացնելը կամ որևէ միջամտություն անելը խորհրդակցեք ձեր մաշկաբանի և համապատասխան այլ մասնագետների հետ։

⁉️Ինչու՞  չպետք է խմել շոգ պայմաններում պլաստիկե մեկանգամյա տարայում մնացած  ջուրը📌Հավանաբար մեզանից յուրաքնչյուրը գոնե ...
06/08/2026

⁉️Ինչու՞ չպետք է խմել շոգ պայմաններում պլաստիկե մեկանգամյա տարայում մնացած ջուրը
📌Հավանաբար մեզանից յուրաքնչյուրը գոնե մեկ անգամ զգուշացվել է, որ չպետք է խմել մեքենայում մնացած մեկանգամյա օգտագործման պլաստիկե շշի ջուրը։ Բայց ի՞նչ գիտական հիմքեր ունեն այդ մտահոգությունները։
Ջրի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման պլաստիկե շշերը սովորաբար պատրաստվում են PET-ից (պոլիէթիլենտերեֆտալատ)՝ դիմացկուն սինթետիկ պոլիմերից, որը հիմնականում անվտանգ է համարվում։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կան մի շարք անհանգստացնող պատճառներ:
☢️Քիմիական նյութերի ազդեցություն
Պլաստիկե տարաները շոգին կամ արևի ուղիղ ճառագայթների տակ մնալու դեպքում պլաստիկի արտադրության մեջ օգտագործվող որոշ քիմիական նյութեր կարող են ավելի հեշտությամբ անցնել ըմպելիքների մեջ։ Ֆթալատները, որոնք օգտագործվում են պլաստմասան փափուկ և ճկուն դարձնելու համար, կարող են արագորեն անջատվել որոշ պլաստիկե փաթեթավորումներից ջերմության ազդեցության տակ (այս մասին 2022 թվականին Ռաթգերսի հանրային առողջության դպրոցի կենսավիճակագրության և համաճարակաբանության դոցենտ Էմիլի Բարրետը հայտնել է HuffPost-ին)։
‼️Ֆթալատները, ինչպես նաև կոշտ պլաստմասսաների արտադրության մեջ կիրառվող այլ քիմիական նյութեր, էնդոկրին համակարգի աշխատանքը խաթարող նյութեր են։ Սա նշանակում է, որ դրանք խոչընդոտում են մեր օրգանիզմի բնական հորմոնների գործունեությունը (այս մասին 2025 թվականին Ռոդ Այլենդի համալսարանի նյարդաբան Ջեյմի Ռոսը հայտնել է The New York Times-ին)։
⚠️Նմանատիպ քիմիական նյութերի, օրինակ՝ BPA-ների (քիմիական նյութ, որն օգտագործվում է պոլիկարբոնատային պլաստիկի արտադրության մեջ), ազդեցությունը կապվում է առողջական բազմաթիվ խնդիրների հետ, այդ թվում՝ անպտղության, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման, քաղցկեղի տարբեր տեսակների, նյութափոխանակության հետ կապված խնդիրների, ինչպես նաև երեխաների մոտ վարքային խնդիրների (2023 թվականին Թենեսիում գործող սննդի և սննդառության ոլորտի կրթական փորձագետ Դանի Լեբովիցը հայտնել է EatingWell-ին):
📌Սննդամթերքի և դեղամիջոցների վարչության (FDA) դիրքորոշումն այն է, որ սննդամթերքի փաթեթավորման մեջ օգտագործվող BPA-ի և որոշակի ֆթալատների ներկայիս մակարդակներն անվտանգ են։ Այնուամենայնիվ, բազմաթիվ փորձագետներ HuffPost-ին պարզաբանել են, որ հաշվի առնելով առօրյա օգտագործման առարկաներում հայտնաբերված այդ նյութերի հետքերը` նպատակահարմար է սահմանափակել դրանց լրացուցիչ ազդեցությունը։
Սոցիալական ցանցերում տարածված մի հայտնի պնդման համաձայն՝ տաքացած պլաստիկե ջրի շշերից արտազատվում են թունավոր և քաղցկեղածին քիմիական նյութեր՝ դիօքսիններ։ Սակայն այս տարածված թյուր կարծիքը հերքվել է Եյլի հանրային առողջապահության դպրոցի շրջակա միջավայրի գծով համաճարակաբան դոկտոր Նիկոլ Դեզիելի կողմից։ Նա The Times-ին վստահեցրել է, որ դրանք նման նյութեր չեն արտազատում։
❗️Միկրոպլաստիկի հետ կապված ռիսկ
կա նաև պլաստիկի մանրագույն մասնիկների (միկրոպլաստիկ)՝ ջրի մեջ անցնելու հավանականություն։ Շշալցված ջուրը հաճախ պարունակում է միկրոպլաստիկ, ջերմությունը կարող է արագացնել այն գործընթացը, որի ընթացքում շշերից միլիարդավոր մանրադիտակային բեկորներ են անցնում դրանց պարունակության մեջ, ինչպես հաղորդել է Food & Wine-ը 2025 թվականին։
📌Միկրոպլաստիկների` մեր օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ առկա գիտական տվյալները դեռևս բավականին սահմանափակ են։ Սակայն գիտնականների պնդմամբ` ստացված տվյալները վկայում են մարդու կենսաբանական համակարգի վրա միկրոպլաստիկների ազդեցության մասին։ Ըստ «Harvard Medicine»-ի՝ բջջային կուլտուրաների, ծովային կենդանական աշխարհի և կենդանիների մոդելների վրա իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միկրոպլաստիկը կարող է առաջացնել օքսիդացիոն վնասվածքներ, ԴՆԹ-ի վնասում և գեների ակտիվության փոփոխություններ, որոնք քաղցկեղի զարգացման հայտնի ռիսկային գործոններ են։ Պարբերականը վկայակոչել է մկների վրա անցկացված մի քանի ուսումնասիրություններ, որոնց արդյուքնում փաստվել է, որ միկրոպլաստիկը վնասում է վերարտադրողական օրգանները՝ հանգեցնելով ձվարանների սպիացման, սպերմատոզոիդների քանակի ու որակի նվազման, ինչպես նաև սերնդի մոտ նյութափոխանակության խանգարումների։
📌Բակտերիաների աճ
Տաք միջավայրը ստեղծում է բարենպաստ պայմաններ բակտերիաների աճի և բազմացման համար: Համաձայն 2025թ.-ին Անգլիայի Թիսայդ համալսարանի մանրէաբանության և համաճարակաբանության դասախոս, դոկտոր Բրունո Սիլվեստեր Լոպեսի The Independent-ին հայտնած տեղեկատվության` բակտերիաները շշերի մեջ աճում են խոնավության, ջերմության և սննդարար նյութերի՝ թքից կամ խմիչքի մնացորդներից: Նրանք կարող են բազմանալ ընդամենը 20 րոպեում` 24 ժամվա ընթացքում հասնելով ապշեցուցիչ միլիարդավոր քանակի։ Նման ջրի օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսաղիքաին համակարգի խանգարման։
♻️Առավել անվտանգ այլընտրանքներ
Վերջին տարիներին նկատվում է ջրի մեկանգամյա օգտագործման պլաստիկ շշերից անցում դեպի բազմակի օգտագործման շշերի։ Սա ոչ միայն նպաստավոր է շրջակա միջավայրի համար՝ նվազեցնելով աղբավայրերում հայտնվող պլաստիկի քանակը, այլև կարող է օգտակար լինել մարդկանց առողջության համար։
🔖Ամենաանվտանգ տարբերակը ջերմամեկուսիչ հատկությամբ ջրի տարաներն են։ Դրանք սովորաբար պատրաստվում են սննդային նշանակության չժանգոտվող պողպատից (հիմնականում երկաթից, քրոմից և նիկելից բաղկացած համաձուլվածք) և զերծ են պլաստիկե շշերի հետ կապված բազմաթիվ խնդիրներից, այդ թվում՝ բիսֆենոլ A-ի (BPA) ազդեցությունից և հենց տարայից միկրոպլաստիկի արտազատումից։ Նմանատիպ մեկ այլ տարբերակ են ապակե շշերը։
✅Այնուամենայնիվ, եթե նախընտրում եք ավելի թեթև ջրի շիշ՝ օրինակ՝ պինդ պլաստիկից պատրաստված, ապա դրանք ավելի անվտանգ են, քան միանգամյա օգտագործման պլաստիկե շշերը: Դրանց քայքայվելու հավանականությունը և ջերմության կամ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից պլաստիկի մասնիկներ ու քիմիական նյութեր անջատումն ավելի քիչ է` համաձայն դոկտոր Դեզիելի` The Times-ի հետ զրույցում հայտնած տեղեկատվության։ Սակայն փորձագետը հիշեցրել է, որ ցանկացած տեսակի պլաստիկ կարող է քայքայվել ժամանակի ընթացքում` ջերմության կամ սովորական մաշվածության հետևանքով։

⁉️Ինչու՞ չարժե սպանել տանը հայտնված սարդերին🕷️Տանը սարդ տեսնելիս շատերի առաջին արձագանքը նրան անմիջապես սպանելն է։ Սակայ...
05/08/2026

⁉️Ինչու՞ չարժե սպանել տանը հայտնված սարդերին
🕷️Տանը սարդ տեսնելիս շատերի առաջին արձագանքը նրան անմիջապես սպանելն է։ Սակայն սարդերը բնության, ինչպես նաև բնակելի տարածքներում ձևավորված փոքր էկոհամակարգի կարևոր մասն են և հաճախ մարդու համար ավելի օգտակար են, քան վտանգավոր։ Մարդիկ սովորաբար իրենց բնակարանները պատկերացնում են արտաքին աշխարհից լիովին մեկուսացված տարածքներ, մինչդեռ տներում մշտապես բնակվում են տարբեր մանր կենդանիներ և հոդվածոտանիներ։ Սարդերի մի մասը բնակարանում հայտնվում է պատահաբար, որոշ տեսակներ միայն ժամանակավորապես են բնակվում, իսկ մյուսները լիովին հարմարված են փակ տարածքներում ապրելուն, բազմանալուն և իրենց ամբողջ կենսաշրջանն այնտեղ անցկացնելուն։ Տներում հանդիպող սարդերի շատ տեսակներ վարում են թաքնված կենսակերպ: Նրանք խուսափում են մարդկանցից և սովորաբար ագրեսիվ չեն։ Դրանք հաճախ բնակվում են մութ, հանգիստ և քիչ օգտագործվող տարածքներում, որտեղ ցանցեր են գործում և որսում մանր միջատներին։ Այս կերպ սարդերը բնական ճանապարհով նպաստում են տանը վնասատուների քանակի նվազեցմանը։
📝Հյուսիսային Կարոլինայի 50 բնակելի տներում անցկացված ուսումնասիրության ընթացքում հետազոտողները փորձել են պարզել, թե ինչպիսի հոդվածոտանիներ են ապրում մարդկանց բնակավայրերում։ Ուսումնասիրված բոլոր տներում հայտնաբերվել են սարդեր։ Ամենահաճախ հանդիպողներից էին անկանոն սարդոստայն գործող և երկարոտն սարդերը։ Այս տեսակները հիմնականում սպասում են, մինչև որսը հայտնվի իրենց ցանցում։ Երկարոտն սարդերը երբեմն նաև լքում են իրենց ցանցը և որսում այլ սարդերի՝ նրանց մոլորեցնելով որսի շարժումները նմանակող ազդակներով։
✔ Սարդերը խիստ ընտրողական սննդակարգ չունեն և սովորաբար որսում են այն ամենը, ինչ կարողանում են բռնել։ Նրանց որսի մեջ հաճախ հայտնվում են մարդկանց անհանգստություն պատճառող վնասատուները, ինչպես նաև հիվանդություններ փոխանցող միջատները, օրինակ՝ մոծակները։ Աֆրիկյան որոշ բնակավայրերում հանդիպող ցատկող սարդի մի տեսակ նույնիսկ նախընտրում է որսալ արյունով սնված մոծակների: Հետևաբար տանը սարդ սպանելը կարելի է համարել բնական գիշատչի վերացում, որն օգնում է սահմանափակել վտանգավոր միջատների տարածումը։
🔊Սարդերից վախը տարածված երևույթ է։ Դրան նպաստում են նրանց արտաքին տեսքը, բազմաթիվ ոտքերը և այն փաստը, որ տեսակների մեծ մասն ունի թույն։ Այնուամենայնիվ, սարդերի մեծամասնության թույնը չափազանց թույլ է մարդու առողջությանը վնաս պատճառելու համար։ Սարդերից վախ կարող են ունենալ նույնիսկ միջատաբաններն ու սարդեր ուսումնասիրող մասնագետները։ Շատ հետազոտողների հաջողվել է այդ վախը հաղթահարել՝ սարդերին ավելի մոտիկից ուսումնասիրելու և նրանց վարքագիծը հասկանալու միջոցով։ Սարդերը հիմնականում չեն ձգտում մոտենալ մարդկանց կամ հարձակվել նրանց վրա։ Ընդհակառակը՝ նրանք գերադասում են թաքնվել և խուսափել շփումից, քանի որ մարդը նրանց համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում։
‼️Հարկ է նշել, որ սարդերի խայթոցները չափազանց հազվադեպ են։ Թեև գոյություն ունեն բժշկական նշանակություն ունեցող որոշ տեսակներ, այդ թվում՝ սև այրի և ճգնավոր սարդերը, նույնիսկ դրանց հետ կապված լուրջ դեպքերը տարածված չեն։ Բնակելի տարածքներում հանդիպող սարդերի ճնշող մեծամասնությունը մարդու համար վտանգավոր չէ։
Եթե սարդի ներկայությունն այնուամենայնիվ անհանգստացնում է, նրան սպանելու փոխարեն կարելի է զգուշորեն տեղափոխել բաց տարածք։ Դրա համար կարելի է սարդի վրա բաժակ կամ փոքր տարա դնել, տակի հատվածում թուղթ մտցնել և այն դուրս հանել տնից։ Այս եղանակով հնարավոր է ազատվել սարդի ներկայությունից՝ առանց կենդանուն վնասելու։
📌Այսպիսով, տանը սարդերի առկայությունը բնական երևույթ է։ Նույնիսկ երբ դրանք տեսանելի չեն, ամենայն հավանականությամբ, բնակվում են պատերի ճեղքերում, կահույքի հետևում կամ այլ թաքնված հատվածներում։ Սարդերի հանդեպ ավելի հանդուրժող վերաբերմունքը ոչ միայն օգնում է պահպանել կենդանի օրգանիզմների բնական հավասարակշռությունը, այլև թույլ է տալիս օգտվել վնասատու միջատների դեմ նրանց կատարած բնական աշխատանքից։
✔ Հետևաբար հաջորդ անգամ տանը սարդ հանդիպելիս առավել ճիշտ կլինի նրան չսպանել, այլ հանգիստ թողնել կամ տեղափոխել դուրս՝ առաջնորդվելով «Ապրի՛ր և թո՛ւյլ տուր ապրել» սկզբունքով։

🔊Օգոստոսը` փսորիազի իրազեկման ամիս👩‍🏫Փսորիազի իրազեկման ամիսը ամենամյա միջոցառում է`  նվիրված  դրա  վերաբերյալ հանրային ...
04/08/2026

🔊Օգոստոսը` փսորիազի իրազեկման ամիս
👩‍🏫Փսորիազի իրազեկման ամիսը ամենամյա միջոցառում է` նվիրված դրա վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը: Փսորիազը հաճախ ընկալվում է որպես պարզապես մաշկային հիվանդություն, սակայն այն կապված է համակարգային բորբոքման և առողջական այլ խնդիրների հետ, ինչպիսիք են հոդաբորբերը, սիրտանոթային համակարգի հիվանդությունները, շաքարային դիաբետը և դեպրեսիան: Այս թյուրըմբռնումը հանգեցնում է փսորիազով տառապող մարդկանց և նրանց ընտանիքների խարանի, խտրականության, բուժման հետաձգման և սոցիալական մեկուսացման: Շատերի մոտ դա ազդում է ինքնագնահատականի, առօրյա գործունեության և հոգեկան առողջության վրա:
✔ Փսորիազի իրազեկման մեկամսյակը օգնում է փոխել այս տեսակետը: Ուստի, այս արշավի նպատակը հանրության ուշադրությունը հրավիրելն է այս հաճախ անտեսվող հիվանդության վրա` ստեղծելով հարթակ նշված խնդիրները բացահայտելու, ըմբռնումը բարելավելու և տուժածներին աջակցելու համար:
📌Գնահատվել է, որ աշխարհում փսորիազով տառապում է 100-125 միլիոն մարդ, ինչը կազմում է մոլորակի բնակչության շուրջ 2%-3%-ը: Առողջապահության լայնածավալ տվյալների համաձայն` վերջին տարիներին աշխարհում ախտորոշվել է հիվանդության շուրջ 5.1 միլիոն նոր դեպք: Դեպքերի տարածվածությունը կազմում է. արևելյան ենթասահարական Աֆրիկայում` 0.15%, Ավստրալիայում` 3.68%, Ասիայի որոշ երկրներում` 5.7% և Եվրոպայում` 4.6%: Փսորիազը կարող է հանդիպել զանկացած տարիքում, առավել հաճախ` 50-ից 70 տարեկան մեծահասակների շրջանում:
📍Այսպիսով, փսորիազը երկարատև ընթացքով, քրոնիկ, ոչ վարակիչ հիվանդություն է` հանգեցնելով դեֆորմացիաների, հաշմանդամության և բացասական ազդեցության հիվանդների կյանքի որակի վրա:
Փսորիազի պատճառային գործոնը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, սակայն ապացուցվել է ժառանգական նախատրամադրվածության կարևոր դերը:
📝Հետազոտությունները փաստում են, որ իմունային համակարգի դերը փսորիազի առաջացման գործում նույնպես կարևոր նշանակություն ունի: Ենթադրվում է, որ այն կարող է լինել աուտոիմուն հիվանդություն, ինչի արդյունքում մաշկի բջիջները սովորականից ավելի արագ են աճում:
Հարկավոր է ընդգծել, որ փսորիազը վարակիչ չէ:
Բազմաթիվ մարդիկ, ովքեր հակված են փսորիազ ունենալուն, կարող են տարիներ շարունակ զերծ մնալ ախտանիշներից, քանի դեռ հիվանդությունը չի հրահրվել ինչ-որ գործոնով: Փսորիազը կարող է խթանվել արտաքին և ներքին մի շարք գործոններով (տրիգերներ)`
• վարակները` հատկապես ստրեպտոկոկային վարակ, մաշկային վարակներ,
• եղանակը` հատկապես ցուրտ, չոր պայմաններ,
• մաշկի վնասվածքները` կտրվածք կամ քերծվածք, միջատի խայթոց կամ ուժեղ արևայրուք,
• ծխելը և երկրորդային ծխի ազդեցությունը,
• ալկոհոլի չարաշահումը,
• որոշ դեղերը, օրինակ՝ բետա-պաշարիչներ, ինտերֆերոն, տետրացիկլին, ոչ ստերոիդային հակաբորբոքայիններ և հակամալարիայի դեղեր,
• մետաբոլիկ համախտանիշը` գիրություն, բարձր արյան ճնշում, դիաբետ, դիսլիպիդէմիա,
• հոգեկան սթրեսը:

🔊Սկսած 1992 թվականից՝ օգոստոսի 1–7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը՝ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կրծքով սնուցման...
03/08/2026

🔊Սկսած 1992 թվականից՝ օգոստոսի 1–7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը՝ ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կրծքով սնուցման աջակցության համաշխարհային դաշինքի նախաձեռնությամբ։ Այն սահմանվել է Իննոչենտիի հռչակագրով, որը կարևորեց կրծքով կերակրման պաշտպանության, խրախուսման և աջակցության անհրաժեշտությունը։
2026 թվականի համաշխարհային շաբաթվա թեման է՝ «Կրծքով սնուցում՝ կյանքի կայուն մեկնարկի համար։ Ամրապնդենք այն, ինչն արդյունավետ է»։ Այն կոչ է խոսելու կրծքով կերակրման առավելությունների մասին, միևնույն ժամանակ գնահատել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, տարածել հաջողված փորձը և ստեղծել այնպիսի առողջապահական, աշխատանքային և սոցիալական պայմաններ, որոնք մայրերին հնարավորություն կտան շարունակել կրծքով կերակրումն այնքան ժամանակ, որքան իրենք և երեխան ցանկանում են։
✔️Այս համատեքստում ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս՝
•կրծքով կերակրումը սկսել երեխայի ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում,
•կյանքի առաջին վեց ամիսներին երեխային տալ բացառապես կրծքով սնուցում,
•վեց ամսականից սկսել անվտանգ և տարիքին համապատասխան հավելյալ սնունդ՝ շարունակելով կրծքով կերակրումը մինչև երկու տարեկանը կամ դրանից հետո։
👶«Բացառապես կրծքով սնուցում» հասկացությունը նշանակում է, որ երեխան ստանում է միայն մայրական կաթ՝ առանց ջրի, թեյի, հյութի կամ այլ սննդի` բացառությամբ բժշկական ցուցումով անհրաժեշտ դեղամիջոցների, վիտամինների կամ հանքային հավելումների։
Կարևոր է ընդգծել, որ մայրական կաթը երեխայի համար անվտանգ, մաքուր և կենսաբանական ակտիվ բաղադրիչներով հարուստ սնունդ է։ Այն պարունակում է երեխայի աճի ու զարգացման համար անհրաժեշտ սննդանյութեր, ինչպես նաև հակամարմիններ և այլ պաշտպանիչ գործոններ, որոնք նպաստում են հիվանդություններից պաշտպանությանը։ Կրծքով սնուցվող երեխաների շրջանում նվազում է փորլուծությունը և շնչառական ուղիների հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Երկարաժամկետ առումով նրանք ավելի քիչ են հակված ավելորդ քաշի, ճարպակալման և շաքարային դիաբետի զարգացմանը։ Կրծքով կերակրումը նպաստում է նաև ուղեղի առողջ զարգացմանը։
👩‍🍼Կրծքով կերակրումը կարևոր է նաև մոր առողջության համար, այն նվազեցնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը։
Գնահատվել է, որ կրծքով կերակրման մակարդակի բարձրացումը յուրաքանչյուր տարի կարող է կանխել մինչև 5 տարեկան երեխաների ավելի քան 820 հազար մահ և շուրջ 20 հազար մահ մայրերի շրջանում` կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման միջոցով։ Հարկավոր է նշել, որ աշխարհում մինչև վեց ամսական երեխաների շուրջ 48%-ն է բացառապես կրծքով սնուցվում։ Չնայած վերջին տասնամյակում արձանագրված առաջընթացին՝ երեխաների կեսից ավելին դեռ չի ստանում ԱՀԿ-ի կողմից առաջարկվող բացառապես կրծքով սնուցումը։ ԱՀԿ-ի կողմից սահմանվել է մինչև 2030 թվականը այն հասցնել հասցնել 60%-ի։
📈Անհրաժեշտ է նշել, որ կրծքով կերակրման աջակցումը նաև արդյունավետ տնտեսական ներդրում է։ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ այս ոլորտում ներդրված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարը կարող է ապահովել շուրջ 35 դոլարի տնտեսական օգուտ՝ նվազեցնելով հիվանդությունների, բուժման և ծնողների աշխատանքից բացակայության հետ կապված ծախսերը։
Հայաստանի վերաբերյալ վերջին լայնածավալ ազգային ներկայացուցչական տվյալները ստացվել են 2015–2016 թվականների «Ժողովրդագրական և առողջության հարցերի» հետազոտության շրջանակում։ Ըստ այդ հետազոտության՝ կրծքով երբևէ կերակրվել է երեխաների 96%-ը, նրանցից 41%-ի դեպքում այն սկսվել է ծնվելուց հետո առաջին մեկ ժամվա ընթացքում: Բացառապես կրծքով սնուցվել է մինչև վեց ամսական երեխաների 45%-ը։ Նախկին հետազոտությամբ փաստվել էր, որ 2010 թվականին Հայաստանում մինչև վեց ամսական երեխաների միայն 35%-ն էր բացառապես կրծքով սնուցվել։ Այսինքն` հինգ տարվա ընթացքում ցուցանիշն աճել է շուրջ 10%-ով։ Սակայն, ըստ տարիքային խմբերի վերլուծության, կրծքով սնուցումը հաճախ դադարեցվում է մինչև երեխայի վեց ամսական դառնալը։ 2015 թվականի տվյալներով` երեխաների միայն 35%-ի դեպքում է այն շարունակվել մինչև 1 տարեկանը, իսկ 22%-ի դեպքում` մինչև 2 տարեկանը: Սա ցույց է տալիս, որ բազմաթիվ մայրեր սկսում են կրծքով կերակրել, սակայն այն դադարեցնում են ավելի շուտ:
📝Հայաստանում 2014 թվականին ընդունվել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը։ Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով կերակրումը, կարգավորել մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդը, տարածումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Կրծքով կերակրելու որոշումը կարող է անհատական լինել, սակայն դրա հաջողությունը մեծապես կախված է կնոջը շրջապատող պայմաններից։ Մորը պարզապես «Կրծքով կերակրելու խորհուրդ» տալը բավարար չէ։ Անհրաժեշտ են գործնական օգնություն, մասնագիտական խորհրդատվություն և ընտանիքի ու հասարակության աջակցություն: Ուստի առաջարկվում է.
•Ծննդատներում ապահովվել մոր և նորածնի անմիջական «Մաշկը մաշկին» շփումը, օգնել երեխայի ճիշտ դիրքի և կրծքին ճիշտ կպչելու հարցերում և հասանելի խորհրդատվություն տրամադրել նաև ծննդատնից դուրս գրվելուց հետո։
•Ընտանիքի անդամների աջակցությունը` կիսելով կենցաղային գործերն ու երեխայի խնամքը, ապահովելով մոր հանգիստը և խուսափելով ոչ հավաստի խորհուրդներից կամ քննադատությունից։
•Աշխատավայրերում պետք է ստեղծվեն երեխային կերակրելու կամ կաթը կթելու համար անվտանգ, մասնավոր և հիգիենիկ պայմաններ, ինչպես նաև տրամադրեն համապատասխան ընդմիջումներ։ Հասարակությունը պետք է ընդունի, որ հանրային վայրում երեխային կրծքով կերակրելը բնական և անհրաժեշտ գործողություն է։
Որոշ մայրեր կարող են ունենալ բժշկական հակացուցումներ, կաթնարտադրության խնդիրներ, վաղաժամ ծննդաբերություն կամ այլ դժվարություններ, ուստի յուրաքանչյուր ընտանիք պետք է ստանա հուսալի տեղեկատվություն, անհատական մոտեցում, երեխայի անվտանգ սնուցումն ապահովելու համար։
🖇️Աջակցելով կրծքով կերակրող մորը՝ մենք աջակցում ենք երեխայի առողջ աճին, ընտանիքի բարեկեցությանը և առողջ հասարակությանը։

🔊 Պարը և նրա նշանակությունը ֆիզիկական և հոգեկան առողջության համարՊարը մարդկության ամենահին մշակութային արտահայտություննե...
02/08/2026

🔊 Պարը և նրա նշանակությունը ֆիզիկական և հոգեկան առողջության համար
Պարը մարդկության ամենահին մշակութային արտահայտություններից է, սակայն ժամանակակից գիտությունը այն դիտարկում է ոչ միայն որպես արվեստ կամ ժամանց, այլև որպես առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոց։ Հանրային առողջապահության տեսանկյունից պարը հանդիսանում է ֆիզիկական ակտիվության մատչելի, ներառական և սոցիալական ձև, որը միաժամանակ բարելավում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը։ Հոգեկան առողջությունը ժամանակակից հանրային առողջապահության առանցքային ուղղություններից է։ Այն ներառում է ոչ միայն հոգեկան խանգարումների բացակայությունը, այլև մարդու հուզական բարեկեցությունը, սոցիալական կապերի կարողությունը, սթրեսին դիմակայելու ունակությունը և կյանքի որակի պահպանումը։
Վերջին տարիներին դեպրեսիան, տագնապային խանգարումները, քրոնիկ սթրեսը և սոցիալական մեկուսացումը դարձել են գլոբալ առողջապահական լուրջ մարտահրավերներ։ Այս պայմաններում մեծանում է ոչ դեղորայքային և կանխարգելիչ միջամտությունների նշանակությունը, որոնց շարքում արվեստի և շարժման վրա հիմնված մոտեցումները, այդ թվում՝ պարը, ստանում են ավելի մեծ գիտական ուշադրություն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ արվեստային գործունեությունները կարող են նպաստել առողջության խթանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և հոգեսոցիալական բարեկեցության բարելավմանը։ Արվեստը, ներառյալ պարը, համատեղում է հուզական արտահայտումը, սոցիալական փոխազդեցությունը, զգայական խթանումը և ֆիզիկական ակտիվությունը՝ ձևավորելով բազմագործոն ազդեցություն առողջության վրա։
Այսպիսով՝ պարը միավորում է ֆիզիկական շարժումը, երաժշտությունը, ստեղծագործական արտահայտումը և սոցիալական փոխազդեցությունը՝ ձևավորելով առողջության խթանման բազմաբաղադրիչ միջամտություն, որը կարող է նպաստել հիվանդությունների կանխարգելմանը, հոգեկան բարեկեցության ամրապնդմանը և առողջ ծերացմանը։
Հանրային առողջապահությունը նպատակ ունի ոչ միայն բուժել հիվանդությունները, այլև ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են վարել առողջ կենսակերպ։
Այս տեսանկյունից պարը կարևոր է, քանի որ այն համատեղում է առողջության մի քանի որոշիչներ.
✓ ֆիզիկական ակտիվություն,
✓ հոգեկան բարեկեցություն,
✓ սոցիալական ներառվածություն,
✓ մշակութային մասնակցություն,
✓ համայնքային կապերի ամրապնդում։
Պարը և դեպրեսիայի ախտանիշների նվազեցումը
📍 Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեկան առողջության խնդիրներից մեկն է և կապված է կյանքի որակի նվազման, սոցիալական մեկուսացման և աշխատունակության անկման հետ։ Վերջին համակարգված ակնարկները ցույց են տալիս, որ պարային միջամտությունները կարող են նվազեցնել դեպրեսիվ ախտանիշները և բարելավել ընդհանուր հոգեբանական վիճակը։
Պարի դրական ազդեցությունը պայմանավորված է մի քանի փոխկապակցված մեխանիզմներով.
✓ ֆիզիկական ակտիվության ազդեցություն՝ շարժումը նպաստում է նեյրոքիմիական գործընթացների ակտիվացմանը, այդ թվում՝ էնդորֆինների և այլ նյարդամիջնորդների հավասարակշռմանը,
✓ ինքնարտահայտման հնարավորություն՝ պարը թույլ է տալիս արտահայտել հույզեր, որոնք երբեմն դժվար է փոխանցել միայն խոսքի միջոցով,
✓ նպատակի և ձեռքբերման զգացում՝ պարային հմտությունների զարգացումը բարձրացնում է ինքնավստահությունը,
✓ սոցիալական կապեր՝ խմբային պարերը նվազեցնում են միայնության և մեկուսացման զգացումը։
Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կառուցվածքային պարային ծրագրերը կարող են բարելավել հոգեբանական և ճանաչողական ցուցանիշները՝ համեմատելի լինելով այլ ֆիզիկական ակտիվության ծրագրերի հետ։ Արդյունքները ներառում են հուզական բարեկեցության, մոտիվացիայի, սոցիալական ճանաչողության և որոշ ճանաչողական գործառույթների բարելավում։
Պարը կարող է հանդես գալ որպես սթրեսի կառավարման գործիք՝ ակտիվացնելով մարմնի բնական կարգավորման մեխանիզմները, նպաստել սթրեսի նվազեցմանը՝ միաժամանակ ներգրավելով մարմնական, հուզական և սոցիալական մեխանիզմներ։
Պարային գործունեության ընթացքում.
✓ նվազում է ֆիզիոլոգիական լարվածությունը,
✓ բարելավվում է մարմնի նկատմամբ դրական ընկալումը,
✓ ուժեղանում է ներկա պահի գիտակցումը,
✓ ձևավորվում է վերահսկողության և ինքնավստահության զգացում
✓ բարելավում տրամադրությունը,
✓ խթանում դրական հույզերը,
✓ նպաստում թուլացմանը,
✓ օգնում հաղթահարել դժվար կյանքի իրադարձությունների հետ կապված հուզական ծանրաբեռնվածությունը։
Հատկապես տարեցների շրջանում պարը դիտարկվում է որպես առողջ ծերացման խթանող միջոց՝ կապված սոցիալական ակտիվության, շարժունակության և ճանաչողական խթանման հետ։ ԱՀԿ-ի ուսումնասիրությունները արվեստի և առողջության ոլորտում ընդգծում են նման բազմաբաղադրիչ գործունեությունների դերը կյանքի ողջ ընթացքում առողջության պահպանման գործում։
Հոգեկան առողջության կարևոր որոշիչներից մեկը սոցիալական կապերի առկայությունն է։ Միայնությունը և սոցիալական մեկուսացումը մեծացնում են դեպրեսիայի, անհանգստության և ընդհանուր առողջական խնդիրների ռիսկը։
Խմբային պարերը ստեղծում են պատկանելիության զգացում, փոխադարձ աջակցություն, հաղորդակցման հնարավորություն, համայնքային մասնակցություն։ Այս ազդեցությունը հատկապես կարևոր է տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրոնիկ հիվանդություններով ապրող մարդկանց և սոցիալական մեկուսացման ենթակա խմբերի համար։
Հանրային առողջապահության տեսանկյունից պարի կարևորությունը կայանում է նրանում, որ այն միաժամանակ ազդում է մի քանի մակարդակներում.
Անհատական մակարդակ՝ բարելավում է տրամադրությունը, նվազեցնում է սթրեսը, խթանում է ինքնավստահությունը։
Համայնքային մակարդակ՝ ուժեղացնում է սոցիալական կապերը, նվազեցնում է մեկուսացումը, նպաստում է առողջ վարքագծերի տարածմանը։
Բնակչության մակարդակ՝ կարող է ներառվել հոգեկան առողջության խթանման և հիվանդությունների կանխարգելման ծրագրերում։
Այս պատճառով միջազգային առողջապահական մոտեցումները աստիճանաբար ավելի մեծ տեղ են հատկացնում արվեստի վրա հիմնված միջամտություններին՝ որպես առողջապահական համակարգերի լրացուցիչ գործիքների։
💃 Պարը հոգեկան առողջության պահպանման բազմակողմանի գործիք է, որը միավորում է ֆիզիկական ակտիվությունը, հուզական արտահայտումը, սոցիալական փոխազդեցությունը և ճանաչողական խթանումը։ Գիտական ապացույցները ցույց են տալիս, որ այն կարող է նպաստել դեպրեսիվ և տագնապային ախտանիշների նվազեցմանը, բարելավել կյանքի որակը և աջակցել հոգեբանական դիմակայունությանը։ Հանրային առողջապահության ռազմավարություններում պարի ներառումը կարող է դառնալ արդյունավետ և հասանելի մոտեցում՝ հատկապես համայնքային մակարդակում հոգեկան առողջության խթանման, սոցիալական ներառման և առողջ ապրելակերպի ձևավորման համար։

Address

Աբովյան 50/5
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հերացի» վերլուծական posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «Հերացի» վերլուծական:

Shortcuts

Share