16/05/2026
Մեզ սովորեցրել են միշտ առաջ վազել, բայց ոչ ոք չի սովորեցրել՝ երբ կանգ առնել:
Ես երկար ժամանակ կյանքի բալանսը պատկերացնում էի որպես առողջ սնունդ, շաբաթական գոնե երկու անգամ մարզասրահ գնալ, առավոտյան 30 րոպե յոգա, աշխատանք, ռեժիմ ու առողջ սովորությունների անվերջ մրցավազք։ Եվ այո՛, այդ ամենն իմ կյանքում իսկապես շատ կարևոր տեղ ունի։
Բայց ժամանակի ընթացքում մի կարևոր բան հասկացա․ երբեմն այդ ամենից ավելի կարևոր է պարզապես դանդաղելը։ Գլխում կուտակված աղմուկը մի փոքր «ցածրացնելը», ներսի քաոսը հանգստացնելը և խաղաղություն գտնելը հոգուդ մեջ։
Մենք չենք կարող անընդհատ նույն տեմպով ապրել։ Լինում են օրեր, երբ էներգիան այնքան շատ է, որ թվում է՝ կարող ես գրավել ամբողջ աշխարհը, հասցնել ամեն ինչ ու լինել ամենուր։ Բայց լինում են նաև օրեր, երբ ներսում ավելի շատ լռության, հանգստի ու նույնիսկ փոքրիկ դադարի կարիք կա։
Ու գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրը։ Հենց այդ օրերին սկսում ենք մեզ մեղադրել։ Մտածում ենք՝ գուցե ծուլանում ենք, գուցե հետ ենք մնում, կամ ինչ-որ կարևոր բան բաց ենք թողնում։
Բայց անչափ կարևոր է հենց այդ օրերին հասկանալ ինքդ քեզ։ Թույլ տալ քեզ մի փոքր «թույլ» լինել։ Որովհետև դա իսկապես թուլություն չէ։ Դա սեփական ռեսուրսները վերականգնելու տարբերակ է, որպեսզի հաջորդ օրերը կրկին լինեն լի էներգիայով և գերարդյունավետ։
Ու գուցե կյանքի իրական բալանսը ոչ թե ամեն ինչ միշտ ճիշտ անելու ու հասցնելու մեջ է, այլ ինքդ քեզ լսելու ու սեփական կարիքները արժևորելու մեջ է: