08/11/2026
Ի՞նչպիսի՞ հարաբերություն է թերապևտիկ հարաբերությունը։
Ինչո՞վ է այն տարբերվում ընկերական, ընտանեկան կամ գործընկերային հարաբերություններից։ Ինչո՞ւ պետք է անծանոթ մարդը՝ մասնագիտական ծառայության դիմաց, կարողանա փոփոխության համար ավելի նպաստավոր հարաբերություն ստեղծել, քան հարազատները կամ ընկերները։
Ընկերը հարաբերության մեջ ունի իր զգացմունքները, շահերը, սպասումները, վիրավորանքները և ձեզ հետ կապված սեփական պատմությունը։ Նա կարող է պաշտպանել, արդարացնել, համոզել, խորհուրդ տալ կամ չհամաձայնել։ Այստեղ երկու կողմերն էլ ունեն աջակցություն, ուշադրություն և հասկացված լինելու պահանջ։
Թերապևտիկ հարաբերությունն այլ կերպ է կառուցված։ Այստեղ ամբողջ գործընթացը կազմակերպվում է մեկ հիմնական նպատակի շուրջ՝ նպաստել այցելուին անհանգստացնող խնդիրների փոփոխությանը։ Թերապևտը չի սպասում, որ այցելուն իրեն աջակցի, հասկանա կամ մխիթարի։ Նա չի մրցում այցելուի հետ և սովորաբար չի փորձում ապացուցել սեփական իրավացիությունը։ Նրա հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այցելուի փորձի և թերապևտիկ գործընթացի վրա։
Սակայն դերերի այս տարբերությունը նույնպես ամբողջ պատասխանը չէ։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ մտերիմի հետ զրույցը, զուգընկերոջ ըմբռնումը կամ պարզապես լսված լինելու զգացողությունը մարդու կյանքի կարևոր մասն են և կարող են շատ օգտակար լինել, բայց չեն կարող, օրինակ, վերականգնել ինքնավստահությունը, օգնել հաղթահարել տրավման և այլն։ Հոգեթերապիան չի կարող և չպետք է փոխարինի մարդկային բնական հարաբերություններին. ընկերոջ, հարազատի և թերապևտի դերերը սկզբունքորեն տարբեր են։
Թերապևտիկ հարաբերությունը հոգեթերապիայի ամենաբարդ և բազմաշերտ երևույթներից մեկն է։ Հենց այս պատճառով ժամանակակից հոգեթերապիայի գրեթե բոլոր ուղղությունները, անկախ իրենց տեսական տարբերություններից, առանձնահատուկ նշանակություն են տալիս թերապևտիկ հարաբերությանը, և հետազոտությունները ցույց են տալիս, որ թերապևտիկ փոփոխությունների մեջ այն մեծ կշիռ ունի։
Երբեմն բավական է ընդամենը մի փոքր մանրուք, որպեսզի հարաբերության մեջ ակտիվանան կարևոր հոգեբանական գործընթացներ։ Պատկերացրեք՝ երկու տարբեր մարդիկ մտնում են նույն աշխատասենյակ։ Թերապևտը նույն մարդն է, նույն հագուստով, նույն ձայնով, նույն ժպիտով։ Բայց առաջին այցելուն ասում է. «Ձեր ձայնը շատ հանգստացնող է», իսկ երկրորդի համար այդ ձայնը ձանձրալի է, որովհետև այն անգիտակցաբար հիշեցնում է, օրինակ, անտարբեր հորը։ Կամ մեկի համար թերապևտի լռությունը նշանակում է՝ «ինձ ուշադիր լսում են», իսկ մյուսի համար՝ «ինձ հետ համաձայն չէ, երևի»։
Փոխվում է ոչ թե թերապևտը, այլ այն հասկացումը, որով յուրաքանչյուր մարդ մտնում է հարաբերության մեջ։ Երբ, օրինակ, այցելուն ասում է. «Դուք էլ կնոջս նման հանգիստ եք խոսում»։ Թվում է՝ պարզապես համեմատություն է։ Բայց հոգեթերապևտի համար սա կարող է նշանակել, որ հարաբերության մեջ հայտնվել է այցելուի նախորդ փորձը։ Այդ պահից սկսած թերապևտը պիտի հետաքրքրվի ոչ այնքան իր ձայնով, որքան՝ ինչո՞ւ հենց կինը, ի՞նչ է նշանակում «հանգիստ խոսել» այդ մարդու համար։ Այդ նմանությունը վստահությո՞ւն է առաջացնում, թե՞ հակառակը։ Այդ պահին նա քեզ տեսնո՞ւմ էր, թե՞ արդեն իր կյանքի կարևոր մեկ ուրիշ մարդու։
Հոգեվերլուծական մոտեցումը կարող է խոսել պրոյեկցիայի կամ տրանսֆերի մասին, կոգնիտիվ մոտեցումները՝ սխեմաների և համոզմունքների ակտիվացման, իսկ այլ ուղղություններ՝ փորձի իմաստավորման կամ հարաբերության այլ առանձնահատկությունների մասին։ Սակայն գրեթե բոլորն ընդունում են մեկ կարևոր փաստ. մարդը երբեք չի ընկալում մյուսին ամբողջովին «մաքուր» ձևով, այլ իր նախկին փորձի, սպասումների և ներքին աշխարհով պայմանավորված։ Այն, ինչ մեկի համար չեզոք է, մյուսի համար կարող է հիշեցնել կյանքի կարևոր անձանց, առաջացնել վստահություն կամ անվստահություն, անվտանգություն կամ անապահովություն, ակտիվացնել նախկին փորձառություններ կամ ձևավորել որոշակի սպասումներ։
Սակայն նույնքան կարևոր է հասկանալ, որ այս ազդակները ինքնին չեն որոշում թերապիայի ընթացքը։ Որոշիչ է այն, թե թերապևտը որքանով է կարողանում նկատել, հասկանալ և մշակել հարաբերության մեջ առաջացող գործընթացները։ Եթե թերապևտը չի նկատում, թե ինչ է կատարվում հարաբերության մեջ, նա կարող է սկսել արձագանքել ոչ թե այցելուի ներկա իրականությանը, այլ այն դերին, որը իրեն տվել է այցելուն այդ հարաբերության մեջ։
Մի քանի տարբեր արձագանքներ կարող են նույն թերապիայի ընթացքը տանել տարբեր ուղղություններով։ Հենց այստեղ էլ սկսվում է թերապևտների աշխատանքի տարբերությունը։
Օրինակ՝ «Ձեր ձայնը շատ հանգստացնող է» արտահայտությունից հետո թերապևտը կարող է դա ընդունել որպես հաճոյախոսություն և ներքուստ մտածել. «Լավ է, ճիշտ եմ աշխատում»։ Կարող է պարզապես անտեսել այն՝ համարելով պատահական դիտարկում։ Իսկ կարող է կանգ առնել ու հետաքրքրվել. «Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ իմ ձայնը նման է ձեր կնոջ ձայնին»։ Արձագանքները կարող են շատ տարբեր լինել, և դրանցից յուրաքանչյուրի դեպքում թերապիայի ընթացքը կարող է գնալ տարբեր ուղղությամբ։ Հենց սա էլ հոգեթերապևտների միջև եղած կարևոր տարբերություններից մեկն է։ Իսկ երբ այդ գործընթացները ճանաչվում և հասկացվում են, դրանք դառնում են ոչ թե խոչընդոտ, այլ հենց այն նյութը, որի հետ աշխատում է հոգեթերապիան։
Եթե թերապևտիկ հարաբերությունն իսկապես այսքան բազմաշերտ և բարդ երևույթ է, ապա ակնհայտ է դառնում, որ հոգեթերապևտ լինելը չի սահմանափակվում տեխնիկաների իմացությամբ կամ մարդկանց լսելու կարողությամբ։ Թերապևտը մշտապես աշխատում է մի համակարգում, որտեղ յուրաքանչյուր խոսք, լռություն, արձագանք, նույնիսկ սեփական ներքին ապրումները կարող են ազդեցություն ունենալ հարաբերության և, հետևաբար, թերապիայի ընթացքի վրա։
Սա պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև ինքնաճանաչում, տեսական մտածողություն, կլինիկական դատողություն, զգայունություն հարաբերության նկատմամբ և սեփական արձագանքները հասկանալու ու կառավարելու կարողություն։ Հենց այդ պատճառով հոգեթերապիան պարզապես մասնագիտություն չէ, որտեղ բավական է սովորել որոշ մեթոդներ և կիրառել դրանք։ Այն մասնագիտական գործունեություն է, որը պահանջում է անձնական, տեսական և գործնական շարունակական զարգացում։