14/05/2026
📚 «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնում հաջողությամբ կայացավ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված հերթական դասընթացը, որը համախմբել էր բժիշկների Հայաստանի տարբեր անկյուններից։ Դասընթացի թեման էր՝ «ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԱՉՔԻ ՍԿՐԻՆԻՆԳ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ԱՉՔԻ ՏԱՐՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ»։ Այն վարեց ԱՄՆ-ում բազմամյա փորձ ունեցող ակնաբույժ, վիտրեոռետինալ վիրաբույժ Արփենիկ Ավագյանը։
🖇️ Սեմինարին իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը, ինչպես նաև նույն ամբիոնի դասախոսներ Սուսաննա Օնանյանը, Լիաննա Հովհաննիսյանը և Լուսինե Անտոնյանը։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացրին Սուսաննա Օնանյանը և «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչատուր Միքայելյանը։
💬 Բժշկուհի Ավագյանը մասնակիցներին ներկայացրեց աչքերի ընդհանուր ստուգման կարգը, նորածինների և երեխաների տեսողության սկրինինգը, անդրադարձավ բնածին հիվանդություններին ու մանկական ակնաբուժության արդի խնդիրներին։ Հատուկ շեշտադրում արեց այն իրավիճակների վրա, որոնք առանցքային նշանակություն ունեն ընդհանուր բժշկի պրակտիկայում։ Տեսական մասին հաջորդեց գործնական հատվածը, որի ընթացքում մասնակիցներն իրականացրին կարմիր ռեֆլեքսի թեստը, ծանոթացան Ամսլերի ցանցի կիրառմանը և տեսողական դաշտի թեստավորման ընթացքին։ Մասնակիցներին տրամադրվեցին թեստերի իրականացման ուղեցույցներ և աչքի անատոմիական կառուցվածքը պատկերող պաստառներ:
🔹 Վերապատրաստումն անցավ ակտիվ քննարկումների և փորձի փոխանակման մթնոլորտում՝ նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Դասընթացի ավարտին մասնակիցները լրացրին հետդասընթացի հարցաշար։
📌 Տեղեկացնում ենք, որ նմանատիպ դասընթացները կրելու են շարունակական բնույթ։