29/10/2026
Կարո՞ղ է ՄՌՏ-ն ցույց տալ ներգանգային ճնշումը։ Պարզենք միասին 🧠
Նյարդաբանի այցելելիս պացիենտները հաճախ հարցնում են․ «Կարո՞ղ եմ ՄՌՏ անցնել՝ ներգանգային ճնշումս ստուգելու համար»։
Եկեք հասկանանք՝ ինչու ՄՌՏ-ն չի կարող միանգամից պատասխանել այս հարցին, և ինչպես են բժիշկները պարզում գլխացավի պատճառը։
🔎 Ի՞նչ է ցույց տալիս ՄՌՏ-ն։
ՄՌՏ-ն գլխուղեղի կառուցվածքները մանրամասն ուսումնասիրելու հիմնական մեթոդներից է։ Այն օգնում է հայտնաբերել ուռուցքներ, կիստաներ, կաթվածի հետևանքներ և բորբոքային փոփոխություններ։
❓Իսկ ի՞նչ կասենք ներգանգային ճնշման մասին։
Ներգանգային ճնշումը փոփոխական ցուցանիշ է։ Այն կախված է գանգի ներսում գտնվող ուղեղային հյուսվածքի, արյան և ողնուղեղային հեղուկի՝ լիկվորի ծավալից։
ՄՌՏ-ն ցույց է տալիս հետազոտության պահին առկա կառուցվածքային պատկերը։ Այն կարող է հայտնաբերել ներգանգային ճնշման բարձրացման անուղղակի նշաններ, օրինակ՝ գլխուղեղի փորոքների լայնացում կամ տեսողական նյարդերի փոփոխություններ, սակայն չի չափում ճնշման ճշգրիտ արժեքը։
❓ Ինչպե՞ս է, ուրեմն, կատարվում ախտորոշումը։
Ներգանգային ճնշումն ինքնին ախտորոշում չէ․ դրա բարձրացումը կարող է տարբեր խնդիրների նշան լինել։ Պատճառը պարզելու համար բժիշկը հաշվի է առնում՝
▪️ Գանգատներն ու ախտանշանները՝ գլխացավի բնույթը, սրտխառնոցը, տեսողության փոփոխությունները։
▪️ Ակնահատակի զննման արդյունքները․ ակնաբույժը կարող է հայտնաբերել տեսողական նյարդի սկավառակի այտուց, որը ներգանգային բարձր ճնշման կարևոր նշաններից է։
▪️ Անհրաժեշտության դեպքում՝ գոտկային պունկցիայի արդյունքները։ Այս հետազոտությունը թույլ է տալիս չափել ողնուղեղային հեղուկի ճնշումը և նշանակվում է միայն համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։
❗ Եթե հաճախ եք գլխացավ ունենում, նախ դիմեք նյարդաբանի։ Բժիշկը կծանոթանա Ձեր գանգատներին ու առողջական պատմությանը, կկատարի զննում և կորոշի՝ արդյոք անհրաժեշտ են ՄՌՏ, անոթների ուլտրաձայնային հետազոտություն կամ այլ մասնագետի խորհրդատվություն։
Գլխացավը միշտ չէ, որ կապված է ներգանգային ճնշման հետ։ Պատճառը կարող է լինել նաև պարանոցի մկանների լարվածությունը կամ սթրեսը։