25/05/2026
ԿԼԻՄԱԿՏԵՐԻԿ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ․ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՀՈՐՄՈՆԱԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Կլիմաքսը կնոջ օրգանիզմի բնականոն ֆիզիոլոգիական անցումն է վերարտադրողական փուլից դեպի դաշտանադադար։ Այս գործընթացի հիմքում ընկած է ձվարանների ֆունկցիայի աստիճանական նվազումը և էստրոգենների դեֆիցիտը։ Սակայն, երբ այս անցումն ուղեկցվում է օրգանիզմի հարմարվողական համակարգերի խաթարմամբ, զարգանում է կլիմակտերիկ համախտանիշը:
Ըստ միջազգային ուղեցույցների՝ բնական մենոպաուզայի (դաշտանադադարի) միջին տարիքը 51 տարեկանն է: Որպես ստանդարտ տարիքային միջակայք ընդունված է 45–55 տարեկանը։
Վիճակագրությունը փաստում է, որ կանանց մոտ 60-80%-ը այս շրջանում բախվում է համախտանիշի տարբեր դրսևորումների։ Կանանց մոտ 15%-ի պարագայում ախտանիշներն ունենում են ծանր ընթացք՝ զգալիորեն վատացնելով կյանքի որակը և պահանջելով դեղորայքային շտկում։
Համախտանիշի դրսևորումները դասակարգվում են ըստ օրգան-համակարգերի ախտահարման։ Ամենավաղ դրսևորումները վեգետոանոթային խանգարումներն են, որոնցից առաջնայինը ջերմահորդանքներն են (приливы)։ Դրանք ուղեկցվում են հանկարծակի ջերմության զգացումով, դեմքի և պարանոցի հիպերեմիայով (կարմրությամբ), առատ քրտնարտադրությամբ և տախիկարդիայով (սրտխփոց)։ Կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև 5-10 րոպե, հաճախականությունը՝ օրական 1-2 անգամից մինչև ժամում մի քանի անգամ։ Դիտվում են նաև զարկերակային ճնշման տատանումներ։
Իգական սեռական հորմոնների՝ Էստրոգենների անբավարարության դեպքում դիտվում է նաև հուզական անկայունություն, դյուրագրգռություն, տագնապայնություն, քնի խանգարումներ։
Նյութափոխանակության դանդաղումը հանգեցնում է վիսցերալ ճարպակալման, մաշկի տուրգորի նվազման և ոսկրային հյուսվածքի հանքային խտության անկման (օստեոպորոզի ռիսկ)։
Էստրոգենների դեֆիցիտի թիրախում է հայտնվում նաև միզասեռական համակարգը։ Զարգանում է լորձաթաղանթի ատրոֆիա, ինչն արտահայտվում է հեշտոցի չորությամբ, քորով և դիսպարեունիայով (ցավոտ սեռական հարաբերություն)։ Սա կլինիկական խնդիր է, որը պահանջում է մասնագիտական մոտեցում և տեղային կամ համակարգային թերապիա։ Տեղային պաշտպանական բարիերի թուլացման պատճառով հաճախակի դիտվում են ցիստիտներ, որոնք հակաբիոտիկներով բուժումից հետո հիմնականում կրկնվում են։
Կլիմակտերիկ համախտանիշի ախտորոշումը հիմնված է կլինիկական պատկերի և լաբորատոր-գործիքային հետազոտությունների վրա։ Բուժումը կրում է անհատական բնույթ։
Կլիմակտերիկ շրջանը կնոջ կյանքի բնականոն փուլն է, որի ճիշտ կառավարումը թույլ է տալիս պահպանել առողջությունն ու լավացնել կյանքի որակը։
Մանկաբարձ-գինեկոլոգ Հայկուհի Խաչատրյան
Բջջ․ 098 171404
Viber, WhatsApp 098 171404
#կլիմաքս #մենոպաուզա #կլիմակտերիկհամախտանիշ #կանացիառողջություն #գինեկոլոգիա #մանկաբարձգինեկոլոգ #առողջություն #ապացուցողականբժշկություն #էստրոգեն #դաշտանադադար #կյանքիորակ #կանանցխնամք