23/08/2026
Ընտանեկան բռնություն․ լռությունից դեպի գիտակցված հասարակական քննարկում
Բժշկի երեսուն տարվա փորձառությունից
Տիկին Աննա Հակոբյանի կողմից բարձրացված ընտանեկան բռնության թեման չափազանց կարևորում եմ և անհրաժեշտ եմ համարում հանրային քննարկման մեջ հնչեցնել նաև բժշկի խոսքը։ Իմ ավելի քան երեսուն տարվա աշխատանքային փորձառության ընթացքում հաճախ եմ առնչվել ընտանիքների այնպիսի ներքին հարաբերությունների, որոնք այսօր կարող ենք դիտարկել հոգեբանական ճնշման, նվաստացման և ընտանեկան բռնության համատեքստում։
Բժիշկը հաճախ առաջին մարդկանցից է, ում առաջ բացվում են ընտանիքի ամենագաղտնի խնդիրները։ Հիվանդությունը, անպտղությունը կամ այլ բժշկական հանգամանքներ ոչ միայն առողջական, այլև ընտանեկան ճգնաժամի պատճառ կարող են դառնալ։ Այդ պատճառով իմ փորձառությունից մի քանի դիտարկումներ ներկայացնելը համարում եմ անհրաժեշտ։
Ընտանեկան բռնությունը միայն ֆիզիկական ուժի կիրառումը չէ։ Այն կարող է արտահայտվել նվաստացմամբ, վիրավորանքով, սպառնալիքով, վերահսկողությամբ, ֆինանսական կամ հոգեբանական ճնշմամբ, շանտաժով և մարդու ազատության սահմանափակմամբ։
Այն կարող է գոյություն ունենալ ցանկացած հասարակությունում, սակայն առավել հեշտ է արմատավորվում այնտեղ, որտեղ մարդու արժանապատվությունից վեր է դասվում ընտանիքի «պատիվը», որտեղ անձնական կյանքը վերահսկվում է գերդաստանի կողմից, իսկ խնդրի մասին խոսելը համարվում է ամոթ։
Իմ պրակտիկայում հաճախ նման իրավիճակները կապված են եղել անպտղության հետ։
Բազմաթիվ դեպքերում երեխայի բացակայության համար նախապես մեղավոր է համարվել կինը՝ դեռևս մինչև լիարժեք հետազոտությունը։ Եղել են դեպքեր, երբ նրա նկատմամբ կիրառվել է ճնշում ոչ միայն ամուսնու, այլև սկեսրոջ, հարազատների և երբեմն ամբողջ գերդաստանի կողմից։ Կնոջը վիրավորել են, նվաստացրել,, ծաղրել, նրան վերաբերվել են որպես ընտանիքի դժբախտության պատճառ։
Հատկապես նախկինում գյուղական վայրերից դիմում էր ոչ միայն ամուսնական զույգը, այլ ամբողջ ընտանիքը՝ ծնողներով, սկեսուրներով և խնամիներով։ Բոլորը անհամբեր սպասում էին բժշկի եզրակացությանը՝ կարծես պետք է որոշվեր ոչ թե բժշկական պատճառը, այլ «մեղավորի» անունը։
Այդ պահերին բժշկի խոսքը կարող էր վճռական նշանակություն ունենալ։ Երբեմն անհրաժեշտ էր մեծ զգուշությամբ բացատրել, որ անպտղությունը զույգի խնդիր է, և պատասխանատվությունը չի կարելի նախապես վերագրել միայն կնոջը կամ միայն տղամարդուն։
Եղել են դեպքեր, երբ կինը առանձին զննման ժամանակ չի համարձակվել ամուսնու ներկայությամբ հայտնել իր կյանքի կամ առողջության վերաբերյալ կարևոր փաստեր։ Եղել են նաև դեպքեր, երբ ծնողները խնդրել են իրենց դստեր առողջական խնդիրների մասին տեղեկությունը գաղտնի պահել ամուսնուց՝ վախենալով ընտանիքում հնարավոր ծանր հետևանքներից։
Հաճախ արդեն առաջին հանդիպումից նկատելի է ընտանիքի ներսում առկա լարվածությունը։ Երբ կինը գալիս է բազմաթիվ հարազատների ուղեկցությամբ, երբ ամուսիններից մեկը խոսում է մյուսի փոխարեն, երբ զրույցի ընթացքում չեն կարողանում թաքցնել փոխադարձ զայրույթն ու վիրավորանքը, փորձառու մասնագետը հասկանում է, որ բժշկական խնդրի կողքին առկա է նաև հարաբերությունների խնդիր։
Մյուս կողմից՝ հոգեբանական ճնշման զոհ կարող է դառնալ նաև տղամարդը։ Անպտղության այն դեպքերում, երբ խնդիրը կապված է տղամարդու առողջության հետ, նա նույնպես կարող է ենթարկվել նվաստացման և վիրավորանքի։
Կան նաև ավելի բարդ իրավիճակներ, երբ ամուսինը, չցանկանալով հրապարակային վնաս հասցնել իր հեղինակությանը կամ ընտանիքը սկանդալի վերածել, լռում է կնոջ դավաճանության կամ այլ հարաբերությունների մասին։ Սակայն երբեմն իրավիճակը կարող է ամբողջովին շրջվել, և նման վարքագիծ դրսևորած կողմն ինքն է ներկայանում որպես վիրավորված՝ մեղադրանքներով, ագրեսիվ բողոքներով կամ նույնիսկ շանտաժով փորձելով ճնշել մյուսին։
Հենց այսպիսի դեպքերն են ինձ համոզել, որ ընտանեկան հարաբերություններում երբեք չի կարելի շտապ եզրակացնել, թե ով է զոհը և ով՝ մեղավորը։
Յուրաքանչյուր դեպք ունի իր թաքնված պատմությունը և պահանջում է անհատական, անաչառ ու մասնագիտական գնահատում։
Ի՞նչ անել
Անհրաժեշտ է սովորել ավելի վաղ նկատել վտանգի նշանները, պաշտպանել բժշկական գաղտնիքը, զարգացնել ընտանեկան և հոգեբանական խորհրդատվությունը և անպտղությունը դիտարկել որպես զույգի բժշկական խնդիր, ոչ թե մեղավորի որոնում։
Արդյո՞ք ճիշտ է կոնկրետ դեպքերի հրապարակային քննարկումը
Այո, քննարկումը կարևոր է, քանի որ լռությունը հաճախ խորացնում է խնդիրը։ Սակայն հրապարակային քննարկումը չպետք է վերածվի դատաստանի կամ առանց ամբողջական փաստերի «մեղավոր» կողմ ընտրելու։
Յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է ուսումնասիրել առանձին՝ փաստերի, մասնագիտական գնահատման և բոլոր կողմերի արժանապատվության պաշտպանության հիման վրա։
Նյութափոխանակային համախտանիշի, ճարպակալման բուժման դեպքում պահանջվող ընտանեկան աջակցությունը, փոխըմբռնումը անհրաժեշտ պայմաններ են, որոնք շատ ընտանիքներում բացակայում են, իսկ հաճախ պատճառ են դառնում ճնշումների, անհանդուրժելի և անընդունելի վերաբերմունքի։
Վերջաբան
Ընտանիքը պետք է լինի մարդու անվտանգության և հարգանքի վայրը։ Ոչ հիվանդությունը, ոչ անպտղությունը, ոչ ընտանեկան հակամարտությունը չեն կարող արդարացնել նվաստացումը, ճնշումը, շանտաժը կամ բռնությունը։
Իմ երեսուն տարվա բժշկական փորձառությունն ինձ սովորեցրել է մեկ կարևոր ճշմարտություն․ ընտանեկան պատմությունների մեջ հաճախ ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան երևում է առաջին հայացքից։ Ուստի յուրաքանչյուր մարդու պատմությունը պետք է լսել, յուրաքանչյուր փաստը՝ ուսումնասիրել, իսկ յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը՝ պաշտպանել։