21/08/2026
«Էլի վիճեցինք… Արդեն չգիտեմ՝ քանի անգամ ենք նույն բանի համար վիճել։ Ասում ենք՝ վերջ, էլ չենք կրկնի, մի քանի օր լավ ենք լինում, հետո նորից նույնը… Ու մեկ-մեկ մտածում եմ՝ եթե էսքան դժվար է իրար հետ, բա ինչո՞ւ ենք դեռ միասին…»
Անդադար վեճեր… | Ինչո՞ւ ենք մնում հարաբերություններում, որտեղ անդադար վիճում ենք | Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan
Շատ զույգեր տարիներով ապրում են մի հարաբերության մեջ, որտեղ նույն վեճերը կրկնվում են նորից ու նորից։
Թեմաները կարող են տարբեր թվալ։
Այսօր՝ փողը։
Վաղը՝ խանդը։
Հետո՝ ծնողները, երեխաները, հեռախոսը, ուշ տուն գալը կամ չկատարված խոստումը։
Բայց հաճախ փոխվում է միայն վեճի առիթը։ Հոգեբանական կոնֆլիկտը մնում է նույնը։
Զույգերի թերապիայում հաճախ հանդիպում ենք կրկնվող բացասական փոխազդեցության ցիկլերի։ Մեկը քննադատում է, որովհետև իրեն չլսված կամ չկարևորված է զգում։ Մյուսը պաշտպանվում կամ հեռանում է, որովհետև իրեն անընդհատ մեղադրված է զգում։ Առաջինը նրա հեռանալը ընկալում է որպես անտարբերություն և ավելի ուժեղ է պահանջում։ Երկրորդը՝ ավելի է փակվում։
Եվ մի պահ երկուսն էլ պայքարում են ոչ թե խնդիրը լուծելու, այլ սեփական ցավից պաշտպանվելու համար։
«Դու ինձ չես կարևորում»։
«Քեզ ինչ էլ անեմ՝ քիչ է»։
Հենց այդ պատճառով նույն վեճը հնարավոր է կրկնել հարյուր անգամ և ոչինչ չլուծել։
Բայց եթե հարաբերությունն այդքան ցավոտ է, ինչո՞ւ ենք մնում։
Պատճառը միշտ չէ, որ պարզապես սերն է։
Մարդուն կարող են պահել կապվածությունը, մենակության վախը, երեխաները, ֆինանսական կախվածությունը, հասարակության արձագանքը, փոփոխությունից վախը, միասին անցկացրած տարիները կամ հույսը, որ «մի օր ամեն ինչ նորից նախկինի պես կլինի»։
Կարող է գործել նաև ընդհատվող ամրապնդման (intermittent reinforcement) մեխանիզմը․ ծանր վեճերից հետո հաշտության, ջերմության և մտերմության ուժեղ պահերը հարաբերությունը նորից արժեքավոր են դարձնում։ Այդ հակադրությունը երբեմն այնքան ուժեղ է զգացվում, որ մարդը սկսում է ապրել հաջորդ «լավ շրջանին» սպասելով։
Սակայն ուժեղ հաշտությունը դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծվել է։
Եթե ամեն անգամ լինում է՝ լարվածություն → պայթյուն → հաշտություն → կարճ խաղաղություն → նոր լարվածություն, ապա պետք է աշխատել ոչ թե հերթական վեճի թեմայի, այլ ամբողջ ցիկլի վրա։
📌 Հարցրու քեզ.
• Մենք իսկապե՞ս տարբեր հարցերի շուրջ ենք վիճում, թե՞ բոլոր վեճերի տակ նույն ցավն է։
• Վեճի պահին ես ի՞նչ եմ իրականում ուզում՝ հաղթե՞լ, թե՞ լսված լինել։
• Ի՞նչ եմ վախենում կորցնել, եթե այս հարաբերությունն ավարտվի։
• Ես մնում եմ, որովհետև հարաբերությունն ինձ բավարարո՞ւմ է, թե՞ որովհետև հեռանալն ավելի է վախեցնում։
• Հաշտվելուց հետո ինչ-որ բան փոխվո՞ւմ է, թե՞ պարզապես ցավը ժամանակավորապես անցնում է։
• Մենք երկուսս էլ պատրա՞ստ ենք փոխել մեր վարքը, թե՞ յուրաքանչյուրս սպասում ենք, որ փոխվի մյուսը։
Առողջ հարաբերությունը վեճերի բացակայությունը չէ։ Առողջ զույգերն էլ են վիճում։ Տարբերությունն այն է, որ կոնֆլիկտից հետո նրանք կարողանում են հասկանալ՝ ինչ տեղի ունեցավ, վերականգնել հուզական կապը և ինչ-որ բան փոխել։
Եթե տարիներով կրկնում եք նույն վեճը, գուցե արդեն ժամանակն է դադարել պարզել՝ ով է ճիշտ, և սկսել հասկանալ՝ ինչ է կատարվում ձեր միջև։
Հոգեթերապիան կարող է օգնել տեսնել այն ցիկլը, որի ներսում երկուսդ էլ հայտնվել եք, հասկանալ դրա հիմքում ընկած կարիքներն ու վախերը և պարզել՝ հնարավո՞ր է այս հարաբերությունը վերակառուցել ավելի առողջ ձևով։
📞 095 514454՝ նաև WhatsApp
Հոգեբան, հոգեթերապևտ Ani Barseghyan Hovhannisyan