20/07/2020
💭«Դեպրեսիան ընդամենը վատ տրամադրություն է, շուտ կանցնի»։
Եթե դուք ունեցել եք կլինիկական դեպրեսիա և հիմա կարդում եք այս արտահայտությունը, ապա այն ձեզ շատ կբարկացնի։
❗️ Ի տարբերություն տրամադրության անկման և ընկճվածության, դեպրեսիան դիտարկում են որպես հոգեկան խանգարում, որը տևական է և ընդգրկում է այնպիսի ախտանշաններ, որոնցից են ոչ միայն տրամադրության անկումը, ընկճվածությունը, այլ նաև ոչ ադեկվատ մեղքի զգացումը, ինքնագնահատականի անկումը, վատատեսությունը, ուշադրության կենտրոնացման խանգարումը, հոգնածությունը, ապատիան, ախորժակի կտրուկ անկումը կամ բարձրացումը, քնի խանգարումները, սուիցիդալ մտքերը։
Դեպրեսիայի ծանր ձևը արտահայտվում է այսպես կոչված «դեպրեսիվ տրիադայով»՝ տրամադրության անկում, մտածողության հապաղումներ, շարժողական դանդաղում։
❌Շատ դեպքերում դեպրեսիա ունեցող մարդկանց ասում են․ «շուտ կանցնի», «բոլորի հետ էլ պատահում ա» «դա նրանից ա, որ զբաղմունք չունես», «բոլորն էլ խնդիրներ ունեն, շատ ես բարդացնում», «հանգստացնող հաբեր խմի կանցնի», «ես էլ էի երեկ դեպրեսիայի մեջ, տես այսօր լավ եմ»։ Այս բոլոր արտահայտությունները անտեղի են և օգնելու տեղը կարող են նույնիսկ վնասել մարդուն, քանի որ դեպրեսիան հոգեկան խանգարում է, այլ ոչ ուղղակի վատ տրամադրություն։
Չնայած, որ դեպրեսիան համարվում է ամենատարածված հոգեկան խանգարումը, այն կարելի է հաղթահարել հոգեբուժական և հոգեթերապիական միջամտությամբ։
Շատերը մտածում են, որ դեպրեսիան ժամանակակից հիվանդություն է, սակայն այն հայտնի է դեռ հին ժամանակներից։ Հիպոկրատը «մելանխոլիա» անվան տակ մանրակրկիտ նկարագրում էր այն վիճակը, որը հիշեցնում է այսօրվա դեպրեսիան։
Դեպրեսիան կարող է լինել դրամատիկ ապրումների արդյունք՝ հարազատ մարդու կորուստ, աշխատանքի կամ հասարակական կարգավիճակի կորուստ։ Լիմում են դեպքեր, երբ մարդը ինքը չի գիտակցում, թե որն է պատճառը, բայց նրա մոտ նկատվում է դեպրեսիվ խանգարումը։
❗️❗️Եթե Դուք նկատում եք Ձեր կամ Ձեր հարազատի մոտ դեպրեսիայի ախտանշաններ, ապա անհապաղ պետք է դիմել հոգեթերապևտի օգնությանը։