29/04/2022
Առաջնահերթության խնդիրը զույգային հարաբերություններում որոշվում է ձեր ունեցած հիմնարար արժեքներով։
Հարաբերություններում հիմնարար արժեքը ձևավորում է զույգի վերաբերմունքն առ այն, թե որն է իրենց համար առաջնահերթը, առաջնային նշանակություն ունեցողը, առաջին հերթին ուշադրության արժանին։ Դա այն կենտրոնական արժեքն է, որն ուղղորդում է զույգերի առօրյա շփումը, կատարված ընտրությունները։
Հիմնարար արժեքների համահունչ լինելը օգնում է, որպեսզի զույգը գործի իբրև մեկ միավոր, որտեղ երկու հոգի աշխատում են նույն ուղղությամբ, դեպի ընդհանուր նպատակ, ունեն ընդհանուր գործ։
Երբ զույգային հարաբերության մեջ հիմնարար արժեքները համահունչ չեն, ամեն մեկը գործում է իր համար, ինքն է բավարարում իր բոլոր կարիքները, հաճախ իրեն մենակ է զգում, ավելորդ և անիմաստ է համարում հարաբերությունը։
Զույգային հարաբերություններում հիմնարար արժեքները փուլային փոփոխություններ են կրում։ Օրինակ, եթե վաղ փուլերում արժեք է համարվում սեքսուալ կյանքը, ֆինանսական կայունության հասնելը, ավելի ուշ փուլերում արժեք է ստանում ազատ ինքնարտահայտումը, նվիրման եղանակը, առողջ ապրելակերպ ունենալը և այլն։
Հիմնարար արժեքների գիտակցումը ինքնաճանաչողության արդյունք է։ Երբ մարդը գիտի ինչ է իրեն պետք, ինչն է իրեն սնուցում, ոգևորում, ուժ պարգևում, նա կարող է թվարկել` որոնք են տվյալ պահին իր հիմնարար արժեքները։
Ներդաշնակության հասնելու համար պարտադիր է, որպեսզի զույգերը ժամանակ առ ժամանակ թարմացնեն, թե որ հիմնարար արժեքներով են առաջնորդվում կյանքի տվյալ փուլում, վերահաստատեն, որ գտնվում են ընդհանուր արժեքային համակարգում, հարաբերությունը սնուցվում է միևնույն արժեքով։
Զույգերի հիմնարար արժեքների օրինակներ`
✓Առողջ ապրելակերպ- սննդակարգին ուշադրության արժանացում, մարմնի ֆիզիկական խնամք, արտաքին գեղեցկություն
✓վստահություն և հավատ- կորցրած վստահության վերականգնում, տրված խոսքի նկատմամբ հավատ
✓սեքսուալ կյանք-սեքսուալ կյանքի ներդաշնակություն, միմյանց սեքսուալ նախասիրությունների ճանաչում
✓նվիրվածության արտահայտում- երկուսով ազատ ժամանակն անցկացնելու տարբերակների որոնում, հույզեր փոխանակելու և մտերմությունը խորացնելու ուղիներ։
✓ընտանեկան դերերի հստակեցում-սպասումների և ընտանիք հասկացության շուրջ պատկերացումների ճշտում, ծնողների հետ շփման սահմանների եզրագծում
✓ֆինանսական թափանցիկության ապահովում-փողի հետ կապված պատկերացումների հստակեցում, ով ինչպես է ընկալում փողը, ինչքան է նախատեսում ծախսել, խնայել, ինչպես բաշխել ընդհանուր ծախսերը։
✓ինքնարտահայտման ազատություն- առանց վախի ինքնադրսևորվելու ու անկաշկանդ արտահայտվելու հնարավորություն տալը։ Նպաստելը, որ ամեն մեկը գա իր ինքնության ակունքին, դառնա ինքը, ինչպիսին որ կա։
✓ինքնարժեքի վերականգնում-միմյանց ուժեղ կողմերը խրախուսելու և շեշտադրելու կարողություն, թեկուզև փոքրիկ առաջխաղացումները նկատելու մարզում, հաղթանակներն ու նվաճումները տոնելու կամեցողություն։
✓ ներման շնորհ-հիշաչարությունից դուրս գալու որոշում, դրական հիշողությունների վերհուշ, սիրալիր վերաբերմունքի մարզում։
✓ պատասխանատվության ստանձնում- սեփական հոգեվիճակները հավասարակշռելու պատասխանատվություն, ինքնուրույն կազմակերպվելու, հավաքվելու, «շողուլի գալու» կարողություն։