14/06/2026
🩸 Արյան դոնորի համաշխարհային օրը՝ նվիրված կյանք փրկողներին
📅 Ամեն տարի հունիսի 14-ին ամբողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը, որը նվիրված է կամավոր, անհատույց արյան դոնորներին երախտագիտություն հայտնելուն՝ կյանքեր փրկելու գործում ունեցած ներդրման համար։
🔖 Արյան դոնորի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Հանձնիր արյուն, նվիրիր հույս. միասին կյանքեր ենք փրկում»։ Խորագրի նպատակն է՝ արյան և պլազմայի նվիրատվության հրատապ անհրաժեշտության և պացիենտների կյանքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։ Ոգեշնչել՝ ներկայացնելով իրական պատմություններ այն մարդկանց մասին, որոնց կյանքը փրկվել է արյան նվիրատվության միջոցով կամ դոնորների անձնական փորձը՝ խրախուսելով կանոնավոր դոնորներին շարունակել արյուն հանձնել և առողջ անհատներին, հատկապես երիտասարդներին, դրդել առաջին անգամ դոնոր դառնալ։
🖇 Արյան դոնորի համաշխարհային օրն ընդունվել է 2005 թվականին Ժնևում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) կողմից, ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար։
📊 Համաձայն վիճակագրության՝ յուրաքանչյուր երրորդ մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ դոնորական արյան կարիք է ունենում։
Ամբողջ աշխարհում հավաքված 118.5 միլիոն արյան նվիրատվություններից 40%-ը բաժին է ընկնում բարձր եկամուտ ունեցող երկրներին, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 16%-ը։ Ցածր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկումների մինչև 54%-ը կատարվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրներում արյան փոխներարկումն առավել հաճախ կատարվում է 60 տարեկանից բարձր մարդկանց, որոնք կազմում են բոլոր փոխներարկումների մինչև 76%-ը։
📌 Ով կարող է հանդիսանալ արյան դոնոր
• Չափահաս՝ 18 տարին լրացած անձը։
• Առնվազն 52 կգ մարմնի զանգված ունեցող անձ, եթե իգական սեռի ներկայացուցիչ է, և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ է։
• Հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները՝ (կանանց համար՝ 125–180 գ/լ, տղամարդկանց համար՝ 135–188 գ/լ)։
• Արյան ճնշումը չպետք է լինի շատ բարձր կամ ցածր (որոշում է բժիշկը). դիաստոլիկ ճնշումը՝ 60–100 մմ սնդիկի սյուն, սիստոլիկ զարկերակային ճնշումը՝ 90–160 մմ սնդիկի սյուն։
• Պուլսը՝ 60–90 զարկ մեկ րոպեում։
❌ Դոնորության հակացուցումները կարող են լինել՝
• Բացարձակ՝ երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն։
• Ժամանակավոր՝ երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր։
Հետաքրքիր փաստեր
✓ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարդիկ, ովքեր անընդհատ արյուն են հանձնում, միջին հաշվով 5 տարի ավելի երկար են ապրում, քան միջին վիճակագրական մարդը։
✓ Ակտիվ դոնորները ավելի հազվադեպ են ունենում սրտանոթային խնդիրներ և ավելի հեշտ են տանում արյան կորուստը դժբախտ պատահարների ժամանակ։
✓ Ամենահայտնի դոնորը իր կյանքի ընթացքում 624 անգամ տվել է ընդհանուր առմամբ մոտ 500 լիտր արյուն։
✓ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ դոնորների թիվը հասնում էր 5.5 միլիոնի, և գործող բանակը ստացավ ավելի քան 1.7 միլիոն լիտր պահեստավորված արյուն, որը կիրառվեց 7 միլիոն փոխներարկման համար։
✓ Ըստ ճապոնացիների՝ արյան խումբն ավելի որոշիչ է մարդու բնավորության ու անհատական առանձնահատկությունների հարցում, քան Կենդանակերպի համաստեղությունները։
🔗 https://ysmu.am/norutyunner/aryan-donori-hamashkharhayin-ory-nvir/
«Հերացի» վերլուծական