18/08/2026
Հարգելի՛ գործընկերներ,
Ընտանեկան բժիշկների և Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից դիմում էր ուղարկվել ՀՀ Առողջապահության նախարարին։ Բարձրացված հարցերի առնչությամբ պատրաստված պաշտոնական գրությունը ներկայացնում ենք ստորև։
Մինչև համապատասխան մարմինների պաշտոնական պատասխանը,խնդրում ենք համբերատար սպասել վերջնական պարզաբանմանը։ Համոզված ենք, որ բարձրացված բոլոր խնդիրները հնարավոր է լուծել կառուցողական երկխոսության և միասնական իրավական մոտեցման շրջանակում։
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՐՑԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի տիկին նախարար,
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից (այսուհետ նաև՝ Հիմնադրամ) բժշկական կազմակերպություններին է հասցեագրվել գրություն, համաձայն որի՝ ամբուլատոր բուժման կապակցությամբ ֆինանսավորված բազմաթիվ դեպքեր չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման 8-րդ հավելվածում ընդգրկված ախտորոշումներին, և այդ դեպքերի համար տրամադրված գումարները ենթակա են վերադարձման։
Միաժամանակ, Հիմնադրամի պաշտոնական կայքի՝ «Բուժաշխատողների եկամտի հաշվիչ» բաժնում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Ամբուլատոր բուժումն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 25.12.2025 թ. N 1979-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 8-րդ հավելվածում նշված հիվանդությունների։
Բուժումն իրականացվում է միայն կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդությունների դեպքում (ոչ թե տվյալ տարվա ընթացքում առաջին անգամ դիմելու դեպքում)»։
Նշված ձևակերպումները և դրանց հիման վրա արդեն իսկ հաստատված ու ֆինանսավորված դեպքերի գումարների վերադարձի պահանջը առաջացնում են մի շարք իրավական, ֆինանսական և գործնական հարցեր։ Մասնավորապես՝
1. ՀՀ կառավարության 25.12.2025 թ. N 1979-Ն որոշման 8-րդ հավելվածը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա ախտորոշումների և ախտաբանական վիճակների հիվանդանոցային բուժման դեպքում ուղեգրման ցուցումների ցանկ»։
Հետևաբար, հավելվածի հիմնական կարգավորման առարկան արտահիվանդանոցային պայմաններում վարվող հիվանդությունների և վիճակների դեպքում հիվանդանոցային բուժման ուղեգրման ցուցումների սահմանումն է։
Այսինքն հավելվածը ձևակերպված չէ որպես՝
• ամբուլատոր բուժման ենթակա բոլոր հիվանդությունների սպառիչ ցանկ,
• ապահովագրական փաթեթով փոխհատուցվող ամբուլատոր ծառայությունների փակ ցանկ,
• կամ ախտորոշումների ցանկ, որոնցից դուրս իրականացված բուժման ֆինանսավորումն ինքնաբերաբար ենթակա է վերադարձման։
Ուստի այդ հավելվածում որևէ ախտորոշման բացակայությունն ինքնին չի կարող բավարար հիմք համարվել արդեն իրականացված, Հիմնադրամի կողմից ընդունված և ֆինանսավորված ծառայության ամբողջ գումարի վերադարձի համար՝ առանց համապատասխան հստակ նորմատիվ և պայմանագրային հիմքի մատնանշման։
Բացի այդ, համաձայն Հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2026թ փետրվարի 05-ի նիստի N 2 որոշման Հավելված 5-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մատուցվող արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցումն իրականացվում է․
«2․1 Ըստ մարդաշնչի առողջության առաջնային պահպանման (այսուհետ՝ ԱՀԱ) ծառայություններ իրականացնող կազմակերպություններում՝ ------2․1․1․1 գրանցված ապահովագրված անձանց թվաքանակի և ապահովագրված մեկ անձի համար Հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված տարեկան համապատասխան նորմատիվի արտադրյալով.
2․4 Ըստ փաստացի կատարած աշխատանքների․ 2․4․1 ԱԱՊ շրջանակներում ընդհանուր պրակտիկայի բժշկի կողմից հիվանդությունների միջազգային դասակարգիչի յուրաքանչյուր խմբի հիվանդության բուժման մեկ ավարտած դեպքի շրջանակներում ոչ ավել քան 2 խորհրդատվության փոխհատուցում՝ համաձայն Հիմնադրամի խորհրդի կողմից հաստատված համապատասխան գների․․․․»։
Այս կարգավորումն ինքնին լրացուցիչ պարզաբանման կարիք ունի՝ Որոշման 8-րդ հավելվածի հետ դրա փոխկապակցվածության և կիրառման շրջանակի առումով։
Բացի իրավական անորոշությունից՝ 8-րդ հավելվածում ընդգրկված առանձին ախտորոշումներ հարցեր են առաջացնում նաև դրանց՝ արտահիվանդանոցային, առավել ևս՝ ԱԱՊ օղակում բուժման կլինիկական հնարավորության և անվտանգության առումով։
Մասնավորապես՝ հավելվածում ներառված են «․․․ այլ և հետվարակային էնցեֆալիտը, էնցեֆալոմիելիտը, մանրէային մենինգոէնցեֆալիտը, մենինգոմիելիտը և սուր դիսեմինացված էնցեֆալիտը»՝ G04 խմբի համապատասխան կոդերով։ Նշված վիճակների դիմաց որպես հիվանդանոցային բուժման ցուցում սահմանված են՝ «կյանքին վտանգ սպառնացող բարդությունները, գիտակցության մակարդակի անկումը՝ կոմա»։
Այս ձևակերպման բառացի մեկնաբանմամբ կարող է ստացվել, որ մինչև կյանքին վտանգ սպառնացող բարդության կամ գիտակցության ծանր խանգարման զարգացումը նշված հիվանդությունները ենթակա են արտահիվանդանոցային բուժման։ Մինչդեռ դրանք կարող են պահանջել անհետաձգելի մասնագիտացված գնահատում, հիվանդանոցային հսկողություն, ընդլայնված ախտորոշում և համապատասխան բուժում, որոնք սովորաբար հնարավոր չէ լիարժեք ապահովել ԱԱՊ օղակում։
Ընդունելով, որ «արտահիվանդանոցային բժշկական օգնություն» հասկացությունը չի սահմանափակվում միայն ԱԱՊ ծառայություններով և կարող է ներառել նաև նեղ մասնագիտական ամբուլատոր օգնությունը՝ այնուամենայնիվ, նման ախտորոշումների առկայությունը հավելվածում լրացուցիչ հաստատում է, որ հավելվածը չի կարող առանց պաշտոնական պարզաբանման մեկնաբանվել որպես ԱԱՊ օղակում ամբուլատոր բուժման և ֆինանսավորման ենթակա ախտորոշումների սպառիչ ցանկ։
Հետևաբար անհրաժեշտ է հստակ տարանջատել՝
• ԱԱՊ օղակում ախտորոշման, նախնական օգնության և անհետաձգելի ուղեգրման ենթակա վիճակները,
• նեղ մասնագիտական արտահիվանդանոցային պայմաններում վարվող հիվանդությունները,
• հիվանդանոցային բուժում պահանջող հիվանդություններն ու կլինիկական ցուցումները։
Այս տարանջատման բացակայությունը ոչ միայն ֆինանսական և իրավական, այլև պացիենտի առողջության պահպանման և անվտանգության խնդիր կարող է առաջացնել։
2. «Կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդություն» պայմանի իրավական հիմքի վերաբերյալ.
Որոշման մեջ առկա չէ ընդհանուր դրույթ, համաձայն որի՝ ամբուլատոր բուժումը կամ դրա ֆինանսավորումն իրականացվում է միայն պացիենտի կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդության դեպքում։
Որոշման 8-րդ հավելվածում՝ «առաջին անգամ» ձևակերպումը կիրառվում է միայն առանձին կլինիկական իրավիճակների նկարագրության մեջ՝ հիմնականում որպես հիվանդանոցային ուղեգրման ցուցում։ Այդ մասնավոր ցուցումները չեն կարող առանց ուղղակի իրավական հիմքի տարածվել ամբողջ ամբուլատոր բուժման համակարգի վրա, որպես ֆինանսավորման ընդհանուր սահմանափակում։
Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված ձևակերպումից նաև հստակ չէ՝ նշված պայմանը վերաբերում է՝
• ապահովագրված անձի՝ ամբուլատոր բուժօգնություն ստանալու իրավունքին,
• բժշկական կազմակերպությանը ծառայության դիմաց հատուցմանը,
• թե բուժաշխատողի եկամտի կամ լրացուցիչ վճարի հաշվարկմանը։
Այս հասկացությունների տարանջատման բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միատեսակ կիրառման, ֆինանսական անհիմն պահանջների և պացիենտներին բուժօգնության տրամադրման սահմանափակման։
3․ Հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի 2026 թվականի մայիսի 8-ի N 02-Լ որոշման 2.4.2.1 կետով կյանքի ընթացքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդության մեկ ապահովագրական դեպքի շրջանակում նախատեսվում է նեղ մասնագետի ոչ ավելի, քան երկու խորհրդատվության փոխհատուցում։ Նույն որոշման աղյուսակ 4-ով այլ բժշկական կազմակերպությունում մեկ խորհրդատվության առավելագույն գինը սահմանված է 3000 դրամ, իսկ մեկ այցինը՝ 1000 դրամ։ Հետևաբար «Արմեդ» համակարգի կողմից ձևավորվող 6000 և 2000 դրամ գումարներն ստացվում են առավելագույնը երկու խորհրդատվության և երկու այցի միավորային գների հաշվարկից։
Միաժամանակ N 02-Լ որոշման 2.4.2.3 կետի համաձայն՝ ուղեգրող կազմակերպության մասնագետի կողմից տրամադրված խորհրդատվությունը կամ այցը փոխհատուցվում է սահմանված գնի 50 տոկոսի չափով։ Այս դրույթի կիրառմամբ 6000 և 2000 դրամ գումարների 50 տոկոսը կազմում է համապատասխանաբար 3000 և 1000 դրամ։
Սակայն նույն որոշման աղյուսակ 4-ով ուղեգրող բժշկական կազմակերպությունում մատուցված մեկ խորհրդատվության համար ուղղակիորեն սահմանված է 2500 դրամ, իսկ մեկ այցի համար՝ 800 դրամ։ Առավելագույնը երկու ծառայության հաշվարկի դեպքում դրանք կազմում են համապատասխանաբար 5000 և 1600 դրամ, այլ ոչ թե 3000 և 1000 դրամ։
Այսպիսով՝ վերը նույն նույն որոշման 2.4.2.3 կետի 50 տոկոսանոց կանոնի և աղյուսակ 4-ով սահմանված առանձին սակագների միջև առկա է ներքին անհամապատասխանություն։
Հետևաբար այս հարցը ևս ունի պաշտոնական պարզաբանման կարիք այն առումով, թե դրանցից որն է ենթակա կիրառման, և մինչև հակասության վերացումն անհրաժեշտ է կասեցնել բժշկական կազմակերպություններից «Արմեդ» համակարգի ինքնաշխատ հաշվարկած գումարները ձեռքով փոփոխելու պահանջը։
4. Հիմնադրամի կողմից հայտերի ստուգման և հաստատման վերաբերյալ. Բժշկական կազմակերպությունները ծառայությունները գրանցել և ֆինանսավորման հայտերը ներկայացրել են գործող «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ տվյալ պահին առկա տեխնիկական հնարավորությունների, հրապարակված պարզաբանումների և կիրառվող ընթացակարգերի հիման վրա։
Ներկայացված հայտերը Հիմնադրամի կողմից ենթակա են ստուգման և հաստատման սահմանված եռօրյա ժամկետում։
Հետևաբար ախտորոշման կամ ծառայության՝ ֆինանսավորման պայմաններին ակնհայտ անհամապատասխանությունը պետք է հայտնաբերվեր նախնական վերահսկողության այդ փուլում, որից հետո հայտը պետք է մերժվեր կամ վերադարձվեր ճշգրտման։
Վիճարկվող դեպքերում՝
• բժշկական օգնությունն ու սպասարկումը փաստացի մատուցվել են,
• տվյալները մուտքագրվել են «Արմեդ» համակարգ,
• համակարգը թույլատրել է տվյալ ախտորոշմամբ հայտի ներկայացումը,
• հայտերը սահմանված ժամկետում չեն մերժվել,
• Հիմնադրամը հաստատել և ընդունել է դրանք,
• դրանց հիման վրա ամիսներ շարունակ իրականացվել է ֆինանսավորում։
Այսպիսով՝ վճարումները չեն կատարվել միայն բժշկական կազմակերպության միակողմանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա, այլ հաջորդել են Հիմնադրամի կողմից հայտերի ստուգման և հաստատման ընթացակարգին։
Հայտերի հաստատումը բժշկական կազմակերպությունների մոտ հիմնավորված վստահություն է ձևավորել, որ ներկայացված դեպքերն ընդունվել են որպես ֆինանսավորման պայմաններին համապատասխան։ Եթե Հիմնադրամը գտնում է, որ դրանք չեն համապատասխանել սահմանված պահանջներին, անհրաժեշտ է գնահատել նաև՝
• ինչու անհամապատասխանությունը չի հայտնաբերվել եռօրյա ստուգման ընթացքում և, փաստորեն թույլատրվել է աշխատել նույն ընթացակարգով,
• ինչու հայտերը չեն մերժվել կամ վերադարձվել ճշգրտման,
• ինչու են դրանք հաստատվել և ամիսներ շարունակ ֆինանսավորվել,
• և արդյոք առկա է եղել էլեկտրոնային կամ ներքին վերահսկողության մեխանիզմի բաց։
Նման վերահսկողական բացի ամբողջ ֆինանսական հետևանքը միայն բժշկական կազմակերպությունների վրա դնելը չի կարող համարվել հիմնավորված և համաչափ։
5. Վատթարացնող մեկնաբանության հետադարձ կիրառման անթույլատրելիության վերաբերյալ.
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։
Նույն սկզբունքն ամրագրված է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, իսկ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։
Եթե Հիմնադրամի կողմից ներկայում կիրառվող մեկնաբանմամբ Որոշման 8-րդ հավելվածը դիտարկվում է որպես ամբուլատոր բուժման ֆինանսավորման ենթակա ախտորոշումների սպառիչ ցանկ, իսկ «կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդություն» պայմանը՝ որպես ֆինանսավորման պարտադիր նախապայման, ապա այդ մոտեցումը բժշկական կազմակերպությունների համար առաջացնում է նոր և նրանց իրավական ու ֆինանսական վիճակը վատթարացնող հետևանքներ։
Հիմնադրամի կայքում հրապարակված տեղեկատվական պարզաբանումը կամ հետագայում ձևավորված վարչարարական մոտեցումը չի կարող հետադարձ ուժով բժշկական կազմակերպությունների համար ստեղծել Կառավարության Որոշմամբ, պայմանագրով կամ նախապես պատշաճորեն հրապարակված այլ իրավական ակտով հստակ չսահմանված պարտավորություն։
Նոր կամ հստակեցված կարգավորումը կարող է կիրառվել միայն դրա պաշտոնական հրապարակումից, բժշկական կազմակերպություններին պատշաճ ծանուցումից, կիրառման միասնական մեթոդաբանության տրամադրումից և էլեկտրոնային համակարգում համապատասխան կանխարգելիչ հսկողությունների ներդրումից հետո գրանցված դեպքերի նկատմամբ։
6. Բժշկական կազմակերպությունների կողմից արդեն կատարված ծախսերի վերաբերյալ.
Հիմնադրամի կողմից հաստատված և վճարված յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ բժշկական կազմակերպություններն արդեն կատարել են փաստացի, պայմանագրային և օրենքով սահմանված ծախսեր, այդ թվում՝
• վճարել են «Արմեդ» համակարգի սպասարկման համար յուրաքանչյուր դեպքի հաշվով սահմանված վճարը,
• վճարել են ծառայությունը մատուցած աշխատողների աշխատավարձը,
• հաշվարկել և պետական բյուջե են վճարել եկամտային հարկն ու սոցիալական վճարները,
• կատարել են օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարումներ,
• կրել են ծառայության կազմակերպման, անձնակազմի աշխատանքի և վարչարարության ծախսերը։
Հետևաբար սկզբնական ֆինանսավորման ամբողջ գումարի վերադարձի պահանջը հաշվի չի առնում, որ դրա մի մասն այլևս բժշկական կազմակերպության տնօրինության տակ չէ և արդեն փոխանցվել է աշխատողներին, պետական բյուջե կամ համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությանը։
Ամբողջ գումարի վերադարձը՝ առանց փաստացի մատուցված բժշկական աշխատանքի արժեքի և արդեն կատարված ծախսերի հաշվառման, բժշկական կազմակերպության համար կառաջացնի կրկնակի ֆինանսական բացասական հետևանք՝ կազմակերպությունը մի կողմից պետք է վերադարձնի ստացված ամբողջ ֆինանսավորումը, իսկ մյուս կողմից կշարունակի կրել տվյալ ծառայության կապակցությամբ արդեն կատարված ծախսերը։
Ուստի, նույնիսկ այն դեպքում, երբ պատշաճ ընթացակարգով հաստատվի առանձին դեպքի ֆինանսավորման անհամապատասխանությունը, վերադարձման ենթակա հնարավոր գումարը չի կարող մեխանիկորեն նույնացվել Հիմնադրամի կողմից սկզբնապես վճարված ամբողջ գումարի հետ։
Այսինքն յուրաքանչյուր դեպքով լավագույն դեպքում պետք է հաշվի առնվեն փաստացի մատուցված ծառայությունը, վճարված աշխատավարձը, հարկերը, սոցիալական վճարները, «Արմեդ» համակարգի սպասարկման վճարը և այլ փաստացի ծախսերը։
7. Աշխատողների աշխատավարձից պահումների իրավական հիմքերի վերաբերյալ.
Հիմնադրամի և բժշկական կազմակերպության միջև առաջացած ֆինանսական վեճն ինքնին հիմք չէ բժիշկներին կամ այլ աշխատողներին արդեն վճարված աշխատավարձի գումարները վերադարձնելու պահանջ ներկայացնելու կամ դրանք հետագա աշխատավարձից պահելու համար։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձից պահումները կարող են կատարվել միայն օրենքով սահմանված կարգով և դեպքերում։
Աշխատողից վնասի հատուցում պահանջելու համար անհրաժեշտ է առանձին հաստատել նրա անօրինական գործողությունը կամ անգործությունը, մեղքը, գործատուին պատճառված իրական վնասը և դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապը, ինչպես նաև պահպանել օրենքով սահմանված ընթացակարգն ու ժամկետները։
Միայն այն հանգամանքը, որ Հիմնադրամը հետագայում այլ կերպ է մեկնաբանել, առավելևս չի կանխել ծառայության ֆինանսավորումը, չի կարող ինքնին հաստատել բուժաշխատողի մեղքը։ Նշված հանգամանքն էական է հատկապես, երբ ծառայությունը փաստացի մատուցվել է, համակարգը թույլատրել է հայտի ներկայացումը, իսկ Հիմնադրամը հայտը ստուգել, հաստատել և ֆինանսավորել է։
Հետևաբար պահանջվող գումարները մինչև հարցի վերջնական լուծումը չեն կարող ինքնաբերաբար դիտարկվել որպես բուժաշխատողների պարտք կամ պահվել նրանց աշխատավարձից և այլ վճարումներից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք
1. Մինչև հարցի ամբողջական իրավական, ֆինանսական և տեխնիկական հստակեցումը կասեցնել արդեն իսկ ֆինանսավորված ամբուլատոր բուժման դեպքերի գումարների վերադարձի վերաբերյալ բոլոր պահանջները։
2. Մինչև պաշտոնական վերջնական պարզաբանման տրամադրումը չիրականացնել վիճարկվող գումարների հետգանձում, միակողմանի վերահաշվարկ, հաշվանցում, ընթացիկ կամ հետագա ֆինանսավորումից պահում, ինչպես նաև տույժերի կամ այլ ֆինանսական պատասխանատվության կիրառում։
3. Տրամադրել իրավական հիմնավորում՝ նշելով այն նորմատիվ իրավական ակտի կոնկրետ նորմի և պայմանագրային դրույթի վավերապայմանները, որոնց հիման վրա՝
o Որոշման 8-րդ հավելվածը դիտարկվում է որպես ամբուլատոր բուժման ֆինանսավորման ենթակա ախտորոշումների սպառիչ ցանկ,
o ամբուլատոր բուժումը կամ դրա ֆինանսավորումը սահմանափակվում է կյանքում առաջին անգամ հայտնաբերված հիվանդություններով,
o արդեն հաստատված և ֆինանսավորված հայտերի ամբողջ գումարը ենթակա է վերադարձման։
4. Պարզաբանել հայտերի եռօրյա ժամկետում ստուգման և հաստատման իրավական նշանակությունն ու իմաստը, ինչպես նաև Հիմնադրամի՝ արդեն հաստատված և վճարված հայտերը հետագայում վերանայելու հիմքերը, ընթացակարգը և ժամկետները։
5. Յուրաքանչյուր բժշկական կազմակերպությանը տրամադրել կիրառված իրավական կամ պայմանագրային նորմը և առարկություն ներկայացնելու կարգն ու ժամկետը։
6. Հնարավոր վերադարձման ենթակա գումարի հաշվարկման դեպքում յուրաքանչյուր դեպքով հաշվի առնել փաստացի մատուցված ծառայության արժեքը, վճարված աշխատավարձը, հարկերն ու սոցիալական վճարները, «Արմեդ» համակարգի սպասարկման վճարը և բժշկական կազմակերպության կրած այլ փաստացի ծախսերը։
7. Կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության, Հիմնադրամի, «Արմեդ» համակարգի տնօրինության և ապահովագրական համակարգում ընդգրկված բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ քննարկում՝ միասնական իրավական և կիրառական մոտեցում մշակելու նպատակով, ընգրկելով նաև բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչներին։
8. Վերջնական հստակեցումից հետո հաստատել ամբուլատոր բուժման դեպքերի գրանցման, կոդավորման, ֆինանսավորման և վերահսկման միասնական գրավոր ուղեցույց և համապատասխան սահմանափակումները ներդնել էլեկտրոնային համակարգում այնպես, որ անհամապատասխան հայտը մերժվի կամ վերադարձվի ճշգրտման՝ նախքան դրա հաստատումն ու ֆինանսավորումը։
9. Նոր կամ հստակեցված կարգավորումը կիրառել միայն դրա պաշտոնական հրապարակումից, բժշկական կազմակերպություններին պատշաճ ծանուցումից և անհրաժեշտ տեխնիկական գործիքների ներդրումից հետո ներկայացված հայտերի նկատմամբ։
Մինչև վերոնշյալ հարցերի վերջնական պարզաբանումը գումարների վերադարձի պահանջների կիրառման կասեցումն անհրաժեշտ է՝ բժշկական կազմակերպությունների նկատմամբ անհամաչափ ֆինանսական հետևանքները, աշխատողների դժգոհությունը, ոչ միատեսակ վարչարարությունը և հետագա իրավական վեճերը կանխելու համար։
Խնդրում ենք մինչև հարցի վերջնական լուծումը գրավոր հաստատել, որ վիճարկվող գումարների հետգանձման, հաշվանցման կամ հետագա ֆինանսավորումից պահումների գործընթացը կասեցվում է։
Հարգանքով՝
Հայաստանի ընտանեկան բժիշկների ասոցիացիա
Հայկական բժշկական ասոցիացիա
05.08.2026թ.
www.armeda.am, հասցե. Նալբանդյան 47/16,
հեռ. 010-544-077