21/07/2026
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Ղալեչյանը հրապարակում է կատարել՝ պնդելով, թե Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակում բուժում ստացող բուժառուների արժանապատվությունը խոցվում է։
Հայտնում ենք, որ հրապարակված տեղեկությունը միակողմանի է և պարունակում է սուտ պնդումներ։
Դեռևս տարեսկզբից, երբ ուժի մեջ մտավ համընդհանուր առողջապահական ապահովագրության ծրագիրը, մինչև հուլիս ամիսը մեր կենտրոնում այդ ծրագրի շրջանակում սպասարկվել է շուրջ 20 000 բուժառու։
Անդրադառնալով նշված դեպքին՝ տեղեկացնում ենք, որ տվյալ բուժառուն մեր կենտրոնում որևէ վճարում չի կատարել, բուժառուն ամբողջությամբ սպասարկվել է ԲԱՑԱՌԱՊԵՍ պետական ապահովագրության շրջանակում՝ առանց որևէ հավելյալ վճարման։
Նշենք նաև, որ տվյալ օրը պրոֆեսոր Արմեն Վարդանյանը կատարել է 13 վիրահատություն։ Նրա աշխատանքային սկզբունքն է՝ մինչև վիրահատարան մտնելը անձամբ զննել բոլոր այն բուժառուներին, որոնց տվյալ օրը պետք է վիրահատի՝ անկախ բուժող բժշկի կողմից արդեն իրականացված հետազոտություններից։ Այդ լրացուցիչ զննումն իրականացվել է նաև տվյալ բուժառուի դեպքում, ինչը մեր կենտրոնում կիրառվող բարձր մասնագիտական մոտեցման կարևոր առավելություններից է։
Նույն օրը վիրահատված 13 բուժառուներից 12-ը բուժվել են համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակում, և միայն մեկ բուժառու է վճարել իր վիրահատության համար։ Ընդ որում, այդ բուժառուն վիրահատվել է տվյալ բուժառուից հետո, ուստի հրապարակման մեջ ներկայացված ակնարկները որևէ կապ չունեն իրականության հետ։
Ցավալի է, որ նման գերծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքից հետո մեր բժիշկները ստիպված են ժամանակ և էներգիա հատկացնել նաև իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին արձագանքելուն։
Միևնույն ժամանակ, նման դեպքերն ավելի են ընդգծում մեր երախտագիտությունը հազարավոր այն բուժառուների նկատմամբ, որոնք ամեն օր վստահում են մեր կենտրոնին, ստանում արդյունավետ բուժում և իրենց շնորհակալությունն են հայտնում մեր մասնագետներին՝ առանց բժշկական անձնակազմի աշխատանքը անհիմն մեղադրանքներով ծանրաբեռնելու։
Ցավով ենք արձանագրում, որ Նարինե Ղալեչյանը, լինելով երկար տարիների լրագրող, չի պահպանել լրագրության հիմնարար սկզբունքները՝ մինչև հրապարակում կատարելը լսել բոլոր կողմերին, ստուգել փաստերը և հանրությանը չներկայացնել սուտ տեղեկություն։