22/08/2026
Հիշում եք «Ավատար» ֆիլմի «Ես քեզ տեսնում եմ»․ արտահայտությունը
Մի հետաքրքիր զուգադիպություն եմ գտել
Հոգեբանության մեջ կա մի կարևոր երևույթ՝ հայելային արտացոլումը: Երեխայի համար բավարար չէ պարզապես կերակրված, հագնված ու ապահով լինելը։ Նրա համար կարևոր է զգալ․
«Ինձ տեսնում են։ Ինձ լսում են։ Իմ զգացմունքները կարևոր տեղ ունեն։ Ես կարևոր եմ»։
Երբ երեխան ասում է․
— «Մա՛մ, նայի՛ր։ Ես ինքս եմ կառուցել»։
Իսկ մայրիկը պատասխանում է․
— Քեզ մոտ ստացվեց։ Ես տեսնում եմ, թե որքան ես ջանք թափել...
Նա պարզապես չի գովում երեխային։ Նա արտացոլում է երեխայի ներաշխարհն ու ապրումներն այդ պահին։
Ժամանակի ընթացքում մեզ համար կարևոր մարդկանց կողմից տեսնված և հասկացված լինելու փորձը հետագայում դառնում է մեր ներքին հենարանը։
Սկզբում մենք զգում ենք՝ «Ինձ տեսնում են»։ Հետո սովորում ենք ինքներս տեսնել ու հասկանալ ինքներս մեզ։
Եվ գուցե հենց դրա համար է «Ավատար»-ի «Ես քեզ տեսնում եմ» արտահայտությունն այդքան խորը հնչում։ Որովհետև մարդուն իսկապես տեսնելը պարզապես ֆիզիկապես հայացքը չէ։ Դա նրա զգացմունքները, ապրումները, գոյությունը նկատելն է։ Եվ մեզանից յուրաքանչյուրին երբեմն շատ է պետք լսել․ «Ես քեզ տեսնում եմ»