28/06/2026
Իմ անունը շատ եմ սիրում՝ Կարմեն։
Այն իր պատմությունն ունի՝ տխուր, բայց ապրեցնող։
Ավագ եղբայրս տասը տարեկան հասակում մահացել է,
և ուղիղ մեկ տարի անց՝ նույն ամսին, ծնվել եմ ես։
Բոլորը սպասում էին տղա երեխայի, որպեսզի
ընտանիքս կարողանար փոքր- ինչ մեղմել
անդառանալի ողբերգության ցավը։
Մայրս ասում է․ «Երազում էի նորից տղա ունենալ,
միայն թե անունը Կարեն դնեի՝ տղայիս անունը չկորչեր»։
ՈՒ․․․ ծնվել եմ ես․․․ Մորս պատմելով՝ շատ սիրուն երեխա
եմ եղել՝ երկար մազերով, քաշս՝4,5 կգ, առողջ ու շատ խելոք։ Կարենը դարձել է Կարմեն, Կարմենն էլ՝ երեխա,
ում նայելիս անընդհատ ասել են՝ գեշ լինեիր, բայց տղա լինեիր․․․
Կյանքում նման «բայցերը» որակ են փոխում, ճակատագիր և կարող են դառնալ երբեք ու ոչնչի հետ չձուլվող հույզ ու պատսպարվե լհոգուդ խորքում այնքան խորը, որ երբևէ ոչ ոք այն չնկատի, չտեսնի․․․
Ոչ մի տարի, ոչ մի տարիքում իմ ծննդյան օրը չի նշվել, էլ չեմ ասում՝ տոնվել մեկ պարզ պատճառով․ այն համընկնում էր եղբորս մահվան օրվա հետ, բայց․․․
Բայց ես միշտ սպասել եմ այդ օրվան, և իհարկե ոչ թե նվերների կամ ծաղիկների համար, այլ, որ մի օր էլ ինձ ասեն՝ դու շատ սպասված էիր, և մենք հենց քո ծնունդին էինք սպասում։
Հետո սովորեցի այլևս չսպասել ու հասկացա, որ ծնունդը դու չես պլանավորում, բայց կյանքում լինում են շրջադարձային իրադարձություններ, որոնք վերածնունդ են խորհրդանշում։
Երեխաներիս աշխարհ գալը վերածնունդ էր ինձ համար՝ շատ սպասված և աստվածային օրհնությամբ։
Ես կարողանում եմ սովորական օրը տոն դարձնել, կարևորել, ուրախանալ, գոհ ու շնորհակալ լինել։
Իմ անունը դարձավ կյանքիս ամենամեծ ուսուցիչը, ու ես շատ եմ սիրում այն։ Շնորհակալ եմ Բարձրյալին, իմ ծնողներին, գեղեցիկ ու համերաշխ ընտանիքիս, ընկերներիս ու բարեկամներիս, բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս են․ դուք իմ և՛ օրն եք, և՛ տոնն եք իմաստավորում, գունազարդում․․․
ՀԳ․ Մեզնից հետո միայն մնում է մեր անունը, այն մեր հետագիծն է՝ անտես, բայց ԽՈՍՈՒՆ․․․