01/30/2026
Սոցիալ–հոգեբանական տեսանկյունից վարքային սահմանափակումները միայնակ հազվադեպ են բերում կայուն փոփոխության։
Երբ երեխային որևէ վարք է արգելվում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալ վարքը հաճախ կատարում է որոշակի հոգեբանական գործառույթ՝ լարվածության թուլացում, հուզական լիցքաթափում կամ հետաքրքրության բավարարում։ Միայն արգելքը չի լուծում այդ գործառույթի խնդիրը։
Այս երևույթը կարող է վերաբերել նաև մյուս տարիքային խմբերին։ Այն կարող է արդյունավետ լինել վատ սովորությունների և կախվածությունների դեպքում, երբ մարդուն արգելում են տվյալ վարքը, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ մարդն ինքն էլ գիտի և հասկանում է իր «վատ սովորության» վնասակար կողմերը, բայց չի կարողանում ձերբազատվել, քանի որ հաճախ բացակայում է այլընտրանքային, առողջ և հետաքրքիր զբաղմունքը:
Հոգեբանական տեսանկյունից ցանկացած ոչ կառուցողականը վարք սովորաբար կատարում է որոշակի գործառույթ․ այն կարող է թուլացնել լարվածությունը, տալ հուզական լիցքաթափում կամ պարզապես լրացնել դատարկ ժամանակը։
Եթե մենք այդ վարքը արգելում ենք, բայց չենք առաջարկում այլ ճանապարհ նույն կարիքը բավարարելու համար, մարդը մնում է առանց գործիքների։
Այս երևույթը կարող է դիտարկվել նաև պետական մակարդակում։ Նման հետաքրքիր օրինակ է Իսլանդիան, որտեղ 1990-ականներին դեռահասների շրջանում բավական բարձր էին ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման ցուցանիշները։
Պետությունը հասկացավ, որ միայն արգելքներով հարցը չի լուծվի, և սկսեց ներդրումներ անել սպորտի, արվեստի, երաժշտության և տարբեր խմբակների զարգացման մեջ։
Երիտասարդներին տրվեց այլընտրանք՝ իրենց էներգիան, զգացմունքներն ու ազատ ժամանակը լցնելու առողջ ձևերով։ Արդյունքում կախվածությունների ցուցանիշները զգալիորեն նվազեցին։
Ուստի, երբ ինչ-որ բան արգելում ենք, կարևոր է նաև մտածել թե ինչ ենք առաջարկում դրա փոխարեն։
🕊 Եթե քեզ համար այս նյութը օգտակար էր, կիսվի՛ր քո ծանոթների և ընկերների հետ:
💡Հետևիր իմ էջին, եթե հետաքրքրված ես հոգեբանությանը վերաբերվող բազմաթիվ հետաքրքիր թեմաներով։